Մատչելիության հղումներ

«Բախմուտկա գետից արևելք գտնվող ամեն ինչ ամբողջությամբ գտնվում է Վագների վերահսկողության տակ». Պրիգոժին


«Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժին
«Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժին

«Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, թե մասնավոր ռազմական ընկերության զինյալները իբր թե գրավել են Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքի արևելյան հատվածը։

«Բախմուտկա գետից արևելք գտնվող ամեն ինչ ամբողջությամբ գտնվում է Վագների վերահսկողության տակ», - ասել է Պրիգոժինը։

Այս գետից դեպի արևելք հիմնականում առանձնատներ են, իսկ արևմուտքում գտնվող քաղաքի կենտրոնը, Պրիգոժինի խոսքով, ռուսները չեն վերահսկում։

Նախօրեին նախագահ Զելենսկին հայտարարեց, որ ուկրաինական կողմը որոշել է շարունակել պայքարը Բախմուտի համար։ Այս քաղաքը ռուսները փորձում են գրավել արդեն ութ ամիս արդեն, այնտեղ վերջին շաբաթներին կատաղի մարտեր են։

Վլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի

Երեկ երեկոյան CNN-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահն ասել է, որ եթե դուրս գան Բախմուտից, ապա ռուսական զորքերի համար ճանապարհ կբացվի կարևոր նշանակություն ունեցող Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքները գրավելու համար. - «Մենք հասկանում ենք, որ Բախմուտից հետո նրանք կարող են ավելի հեռուն գնալ։ Նրանք կարող են գնալ Կրամատորսկ, նրանք կարող են գնալ Սլովյանսկ։ Բախմուտից հետո ռուսների համար բաց ճանապարհ կլիներ դեպի Ուկրաինայի այլ քաղաքներ՝ Դոնեցկի ուղղությամբ։ Դրա համար մեր տղաները կանգնած են այնտեղ»:

Ուկրաինացի զինվորականները պնդում են՝ մինչև վերջ կանգնելու են Բախմուտում. - «Սա սոսկ քաղաք չէ, Բախմուտը մեր խորհրդանիշն է, մեր ամրոցը։ Մենք կանգնելու ենք, պաշտպանելու ենք և կատարելու ենք մեր գերագույն հրամանատարի բոլոր հրամանները»։

Արևմտյան ռազմական փորձագետները, սակայն, կարծում են, որ Բախմուտի գրավումը Ռուսաստանի համար կարեւոր ռազմավարական հաղթանակ չի լինի։ Ավելին, պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի վերլուծաբանները նույնիսկ կասկածում են, որ ռուսներին կհաջողվի ամբողջությամբ վերահսկել քաղաքը։ Հերթական զեկույցում նշում են, որ Բախմուտի գրավումը կարող է չափազանց թանկ արժենալ ռուսական ուժերի համար, քանի որ ուկրաինացի զինվորականների դիրքերը լավ ամրացված են։ Քաղաքը գրավելու ռուսների հետագա փորձերը, ամենայն հավանականությամբ, հաջողությամբ չեն ավարտվի, նշված է զեկույցում։

Ու մինչ Բախմուտի համար կատաղի մարտերը շարունակվում են, Կիևն ու Մոսկվան միմյանց են մեղադրում հանցագործությունների համար։ Մոսկվան հայտարում է, թե չի հավատում ամերիկյան մամուլի հրապարակումներին, որ «Հյուսիսային հոսք - 2» գազատարի պայթյունի հետ պաշտոնական Կիևը առնչություն չունի։

The New York Times-ի փոխանցմամբ՝ ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ այդ հարձակման հետևում կարող է կանգնած լինել «ուկրաինամետ խմբավորում» և ամերիկյան կողմը Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության ներգրավվածության մասին որևէ ապացույց չունի։

Իսկ ահա Ուկրաինայում իշխանությունները ռազմական հանցագործության հոդվածով քրեական գործ են հարուցել համացանցում տարածված տեսանյութից հետո, որում երևում է, թե ինչպես է ենթադրաբար անզեն ռազմագերին սպանվում «Փառք Ուկրաինային» կարգախոսը բացականչելուց հետո։

Թե որտեղ և երբ է նկարահանվել տեսանյութը, հստակ չէ։ Պաշտոնական Կիևը դիմել է Միջազգային քրեական դատարան՝ հորդորելով հետաքննություն իրականացնել։

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ իր հերթին Ռուսաստանին մեղադրել բարբարոսության մեջ. - «Ռուսաստանը, կարծում ենք, պետք է ամաչի ինքն իրենից։ Դա պատերազմի տարրական կանոնների, մարդասիրության, տարրական պարկեշտության խախտում է»:

Նեդ Փրայսի խոսքով, «Փառք Ուկրաինային» պարզ հայտարարություն անելուց հետո անզեն ուկրաինացուն մահապատժի ենթարկելը սարսափելի վայրագություն է:

XS
SM
MD
LG