Սևծովյան «հացահատիկի գործարքը», որի ժամկետը լրանում է մարտի 18-ին, պետք է շարունակի գործել, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կիև կատարած այցի ժամանակ։
«Ուզում եմ ընդգծել մարտի 18-ից հետո սևծովյան հացահատիկային գործարքի իրականացումն ապահովելու կարևորությունը, ինչպես նաև Սև ծովով արտադրանքի արտահանման հնարավորություններն առավելագույնի հասցնելու պայմանների վրա աշխատելու անհրաժեշտությունը»,- ասել է Գուտերեշը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այսօր է ժամանել Ուկրաինա՝ նախագահ Զելենսկու հետ քննարկելու Սևծովյան հացահատիկի նախաձեռնության հնարավոր շարունակությունը: Սա նրա երրորդ այցն է պատերազմի սկզբից ի վեր։
Reuters-ի հաղորդմամբ՝ գլխավոր քարտուղարը և Վլադիմիր Զելենսկին հանդիպման ավարտին համատեղ ելույթ են ունեցել լրատվամիջոցների հետ։ Գուտերեշը նշել է, որ այստեղ է՝ ցույց տալու ՄԱԿ-ի լիակատար նվիրվածությունը և լուծումներ փնտրելու։
«ՄԱԿ-ի դիրքորոշումը, որը ես մշտապես արտահայտել եմ, հստակ է. Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտում է։ Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվեն նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում», - ասել է նա։
Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի ղեկավարը հաստատել է, որ ՄԱԿ-ը կշարունակի աջակցել հումանիտար խնդիրների լուծումներին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում կենտրոնացել են անվտանգության խնդիրների վրա, ինչի հիմքում ընկած է «խաղաղության բանաձևը»։