Մատչելիության հղումներ

Եկող շաբաթ Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի ԱԳ փոխնախարարները. Չավուշօղլու


Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիան, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիան, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու

Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարները հաջորդ շաբաթ կհանդիպեն Մոսկվայում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իրանցի պաշտոնակցի հետ բանակցություններից առաջ։

Թուրքիայի դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը ցանկանում է միանալ Սիրիայի հարցով Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի միջև բանակցություններին, և Անկարան ուրախությամբ համաձայնել է։

Մոսկվան միջնորդի դեր է ստանձնել դիվանագիտական կապերը խզած Դամասկոսի և Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացում ու անցած դեկտեմբերին հարևան երկրների պաշտպանության նախարարների հանդիպում էր նախաձեռնել՝ նպատակ ունենալով հաջորդ հանդիպումները կազմակերպել արտգործնախարարների և, ի վերջո, նախագահների՝ Ռեջեփ Էրդողանի և Բաշար Ասադի միջև:

Սիրիական ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող հակամարտությունում Մոսկվան ու Թեհրանն աջակցում են Ասադի կառավարությանը, Անկարան՝ սիրիական ընդդիմադիր խմբավորումներին:

XS
SM
MD
LG