Իվանյանում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի շտաբում այսօր տեղի է ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Կողմերից յուրաքանչյուրը հանդիպման օրակարգն ու քննարկված հարցերը յուրովի է մեկնաբանել։
Այսպես, «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը։ Կողմերը քննարկել են նաև էլեկտրաէներգիայի և գազի անխափան մատակարարման հարցերը։
Ըստ «Արցախպրես»-ի՝ քննարկվել է նաև Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ՝ լարվածության նվազեցման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ։
Բաքուն, իր հերթին, նշում է, թե քննարկվել է «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերին Ադրբեջանում ինտեգրելու հարցը՝ երկրի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան»։
Բացառվում է որևէ ինտեգրացիոն գործընթաց. Արայիկ Հարությունյան
«Կողմնակից ենք շփումների, համագործակցության բոլոր տարբեր երկրների հետ, հարևան երկրների, բայց բացառվում է որևէ ինտեգրացիոն գործընթաց, սա ուզում եմ հայտարարել», - այսօր կառավարության նիստում ներկայացնելով նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանին՝ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն՝ ըստ էության, հակադարձելով Արցախը Ադրբեջանի կազմում ինտեգրելու Բաքվի հայտարարություններին:
Նա ընդգծեց՝ անկախ դժվարություններից և տարբեր ճնշումներից՝ հավատարիմ են մնալու Արցախյան շարժման գաղափարներին և անկախության ճանապարհից հետնահանջի ոչ մի քայլ չի լինելու: Թե ինչպես, չմանրամասնեց։
«Նրանք, ովքեր չեն կիսում շարժման տրամաբանությունը, այս գլխավոր, միակ տրամաբանությունը, ապա մեզ հետ քայլելու իրավունք չունեն», - ասաց նախագահ Հարությունյանը:
Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը՝ Ղարաբաղում ապրող հայերի հետ շփումների պատասխանատու
Ի տարբերություն Ստեփանակերտի՝ ադրբեջանական կողմը նաև տեղեկացրել է, թե ովքեր են ներկա եղել այսօր Խոջալուում տեղի ունեցած հանդիպմանը։ APA գործակալության փոխանցմամբ` հայկական կողմի հետ հանդիպել է Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը. նրան ներկայացնում են որպես Ղարաբաղում ապրող հայերի հետ շփումների պատասխանատու։
44-ամյա Մամեդովը ծնվել է Արցախի Մարտակերտ քաղաքում, դպրոց հաճախել Շուշիում։ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո տեղափոխվել է Բաքու։ 2020 թվականից Միլի մեջլիսի պատգամավոր է, մինչ այդ աշխատել է Սփյուռքի պետական կոմիտեում։
Ռամին Մամեդովից բացի, այսօրվա հանդիպմանը ներկա է եղել նաև Բնական պաշարների ապօրինի շահագործումը հետաքննող մոնիտորինգային խմբի ղեկավար Մասիմ Մամեդովը։ APA-ն տեղեկացնում է, որ մոնիտորինգային այդ խմբում ընդգրկված են Բնապահպանության նախարարության, Էկոնոմիկայի նախարարության անշարժ գույքի պետական ծառայության և «Ազերգոլդ» ընկերության մասնագետները։
Ի դեպ, ադրբեջանական կողմը նաև լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ հանդիպմանը Արցախից մասնակցում են Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։ Մինչդեռ «Արցախպրես»-ը սահմանափակվել է ռուս խաղաղապահների լուսանկարով։
Արցախյան կողմը պատրաստ է քննարկել ռենտգեն սարքերի տեղադրման հարցը, բայց միայն ռուս խաղաղապահների հսկողությամբ
Այսօրվա հանդիպուից հետո Ստեփանակերտը խոսեց Լաչինի միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու մասին։ Երեկ էլ այս հարցին անդրադարձել էր Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովը նշել էր, որ եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրում չի նախատեսվում, բայց միաժամանակ հնարավոր էր համարել հավելյալ տեխնիկական միջոցների կիրառումը՝ Բաքվի կասկածները փարատելու համար։
Թե արդյոք այսօր պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է Լաչինի միջանցքում ռենտգեն սարքեր տեղադրելու մասին, դեռևս պաշտոնապես չի հաղորդվում։ Ամեն դեպքում, Արցախի խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ռենտգեն սարքերի տեղադրելու հարցը պատրաստ են քննարկել, բայց միայն ռուս խաղաղապահների հետ և միայն նրանց հսկողությամբ։
«Բայց ադրբեջանական կողմի ներկայությունը անցակետ դնելու և այլ կարգավիճակով, դա անընդունելի է միանշանակ», - հայտարարեց Հայրապետյանը։
Ճշտող հարցին՝ պատրա՞ստ են քննարկել ռենտգեն սարքի տեղադրումը, սակայն ռուս խաղաղապահների միջնորդությամբ ու վերահսկողությամբ, արցախցի պատգամավորն արձագանքեց. «Քննարկելուն պատրաստ ենք մենք՝ նմանատիպ հարցեր, որը որ կբարձրաձայնվի»։
Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը վստահեցրեց՝ հանրությունը և քաղաքական ուժերը կտեղեկացվեն գործընթացների մասին, որպեսզի ստանան նաև նրանց համաձայնությունը։