Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը Մարտի 1-ի գործով արդարացվեցին


2008-ի մարտյան հետընտրական իրադարձություններից 14 տարի անց նախկին ընդդիմադիր չորս գործիչները, նրանց թվում Հայաստանի վարչապետն այսօր արդարացվեցին. վճռաբեկ դատարանը բեկանեց վարչապետ Փաշինյանի, Երկրապահ կամավորական միության ղեկավար Սասուն Միքայելյանի, դեսպան Ալեքսանդր Արզումանյանի և ակտիվիստ Տիգրան Բաղդասարյանի դատավճիռները։

Չորսն էլ 2008 թվականի գարնանը մասնակցում էին նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները չընդունող Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած բողոքի ակցիաներին և ազատազրկվել էին տարբեր մեղադրանքներով՝ զանգվածային անկարգությունների կազմակերպումից մինչև ոստիկանի նկատմամբ բռնություն։

«Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել: Քրեական գործի վարույթը կարճել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ», - հայտարարեց վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը:

Վճռաբեկի այս որոշումները բողոքարկման ենթակա չեն։

Նախկին ընդդիմադիրներից դատարան էր եկել միայն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից Տիգրան Բաղդասարյանը։ Տարիներ առաջ նա տուգանվել էր մարտյան արյունալի այդ օրերին երեք ոստիկանի ծեծելու համար, երկու ամիս անցկացրել բանտում։ Ասաց՝ հանցագործի պիտակով է ապրել մեկ տասնյակից ավելի տարիներ, իսկ այսօր արդեն արդարացվեց։ Մտածում է պատասխանատվության կանչել իր դեմ ցուցմունք տված ոստիկաններին, գործը քննած քննիչին։

«Եթե ուզում ենք պետություն ստեղծենք, հանցագործ ոստիկանները պետք է պատժվեն, որ մյուսներին դաս լինի, թե չէ մենք սենց ոչ մի բանի չենք հասնի: Ենթադրենք մի հոգի, երկու հոգի էլ ազատվեցին, իմ նման լիքը մարդիկ կան, ընկերներս, որ սպասում են իրենց արդարացմանը: Հլը որ ձգձգվում է, չեմ հասկանում ինչն է պատճառը: Մենք մտածեցինք հեղափոխություն կլինի գոնե հեղափոխությունը կարագացնի էս ամեն ինչը, բայց էլի շատ դանդաղում է», - նշեց Բաղդասարյանը:

Այսօր քննված 4 բողոքներից միայն վարչապետ Փաշինյանինն էր դատարան բերել գլխավոր դատախազը՝ հիմնվելով 2 ամիս առաջ Եվրոպական դատարանի կայացրած վճռի վրա, որով արձանագրվել էր, որ խախտվել են 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի աջակից, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Փաշինյանի երկու հիմնարար՝ ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները։

Փաշինյանը զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար բանտում ավելի քան մեկ տարի էր անցկացրել, ապա համաներմամբ ազատ արձակվել:

Այսօր դատախազ Ազատ Մարգարյանն ընդգծեց՝ անցած երեք տարվա ընթացքում վճռաբեկը մարտյան դեպքերի համար դատապարտված 20 հոգի է արդարացրել, վճիռների հիմքում՝ մի քանի գործերով Եվրադատարանի եզրահանգումն է, որ ընդդիմադիր գործիչները զանգվածային անկարգություններ չեն կազմակերպել, նրանց արարքներում պատժելի գործողություններ չեն եղել, իսկ Հայաստանի կառավարությունը խախտել է հավաքներ անցկացնելու ընդդիմադիրների իրավունքները։ Առջևում Վճռաբեկը ևս 70 նման բողոք է քննելու։

«Եվրոպական դատարանը, կարելի է ասել, սևով սպիտակի վրա նշել է, որ այդ տեղի ունեցած բախումներն ու անկարգությունները որևէ ձևով ընդդիմության առաջնորդների կողմից կազմակերպված չեն եղել: Ինչ վերաբերում է Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցած դեպքերին, ապա դրանք եղել են մարտի 1-ի առավոտյան անձանց հրապարակից հանելու արդյունքում և ոչ իրավաչափ ուժ կիրառելու արդյունքում, անձինք դիմել են փախուստի, հավաքվելով արդեն Մյասնիկյանի արձանի մոտ: Իսկ հետագա բախումները որևէ ձև կազմակերպված լինելու վերաբերյալ որևէ տվյալ Եվրոպական դատարանին ներկայացված չի եղել, ինչպես նախկինում բերված բողոքների հետ կապված, այնպես էլ ներկայումս Եվրոպական դատարանում քննվող շատ գործերով», - ասաց դատախազը:

Իր վճիռներում Եվրադատարանը քանիցս անդրադարձել է հայաստանյան դատական համակարգի գործողություններին, երբ 2008-ին նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները չընդունող գործիչները դատվել են բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա, իրավապահները չեն լսել այլ վկաների։ Դատախազ Մարգարյանը վկայակոչում է դեռ տարիներ առաջ ընդդիմադիր Մուշեղ Սաղաթելյանի, Մյասնիկ Մալխասյանի վճիռները։

«Եվրոպական դատարանը մերժում է կառավարության բերած այն փաստարկը, որ տեղեկատվություն են ունեցել զենքի հետ կապված, նշում է, որ նման զենքեր չեն հայտնաբերվել, եթե նույնիսկ հայտնաբերվել են որևէ անձ դրա համար չի դատապարտվել: Իրականում մենք չունենք որևէ նման գործ: Երկրորդ կարևոր հանգամանքը՝ Եվրոպական դատարանը կոնկրետ նշում է, որ այդ օրը տեղանքի զննություն կատարելու պատրվակի տակ թաքցված է եղել ցույցերը ցրելու հանգամանքը», - ասաց Մարգարյանը:

Անցած 3 տարիներին Եվրադատարանը մարտի մեկի արյունալի դեպքերին առնչվող մեկ տասնյակից ավելի վճիռ է կայացրել, ինչի համար Հայաստանի կառավարությունը դիմումատուներին ավելի քան 139 հազար եվրո փոխհատուցում է վճարել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG