Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի պնդումները որևէ առնչություն չունեն էներգետիկ ոլորտում ներդրումների և առևտրի հետ կապված Էներգետիկ խարտիայով նախատեսված պարտավորությունների հետ, հայտարարել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:
«Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի շրջանակն ու նպատակը խեղաթյուրելու փորձը հատկապես ցավալի է այն ժամանակ, երբ Էներգետիկ խարտիայի կոնֆերանսը ավարտում է Էներգետիկ խարտիայի արդիականացման շուրջ բանակցությունները», - նշել է ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Հայաստանը հայտնում է իր ափսոսանքը՝ Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի համաձայն արբիտրաժ սկսելու միջոցով իր հանրային հաղորդակցության օրակարգը առաջ մղելու փորձերի համար։
Նախօրեին Բաքուն հայտնեց, որ միջպետական արբիտրաժային վարույթ է նախաձեռնում Հայաստանի դեմ՝ «Երևանից ֆինանսական փոխհատուցում պահանջելով իր տարածքում գտնվող էներգետիկ օբյեկտները 1991-ից 2020 թվականներին անօրինականորեն շահագործելու համար»։
Արբիտրաժի մասին ծանուցումը Ադրբեջանը ներկայացնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումից մի քանի օր անց, որով դատարանը պարտադրեց Ադրբեջանին «ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը» Լեռնային Ղարաբաղի 120 հազար էթնիկ հայերին արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհով, հայտարարության մեջ շեշտել է Հայաստանի ներկայացուցիչը։ Ապա հիշեցրել է, որ Ադրբեջանը անտեսել է դատարանի պարտավորեցնող որոշումը և այն կատարելու՝ միջազգային հանրության կոչերը՝ խորացնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական աղետը։
«Ըստ երևույթին, Էներգետիկ խարտիայի շրջանակներում անհիմն վարույթ հարուցելով` Ադրբեջանը մտադիր է ուշադրություն շեղել», - նշել է Եղիշե Կիրակոսյանը։