Այսօր Արցախում գործող բոլոր մանկապարտեզներում լիարժեքորեն վերսկսվում է ուսումնական գործընթացը, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Նշվում է նաև, որ հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի համապատասխան ռեժիմի և երկարօրյա ծրագրերի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքն անցած տարվա դեկտեմբերի 12-ից փակել են իրենց «էկոակտիվիստ» անվանող մի խումբ ադրբեջանցիներ, ճանապարհի արգելափակումն ուղեկցվում է նաև Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում պարբերական խափանումներով:
Անցած շաբաթավերջին հանդիպել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները: Ինչպես «Ազատությանը» փոխանցել է Արցախի նախագահի խոսնակը, քննարկվել են Արցախի շրջափակման վերացմանը, բնական գազի և էլեկտրականության կայուն ու անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր: