Վճռաբեկ դատարանը բեկանեց Մարտի 1-ի գործով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախկին ընդդիմադիր գործիչ, այժմ Երկրապահի ղեկավար Սասուն Միքայելյանի, 2008-ի մարտյան հավաքների ակտիվ մասնակից, այժմ սկանդինավյան 5 երկրներում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանի դատավճիռները․ Փաշինյանը, Միքայելյանն ու Արզումանյանն արդարացվեցին։
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) դեռ հունվարին ճանաչել էր 2008-ի ընտրություններից հետո Փաշինյանի իրավունքների խախտումը։ ՄԻԵԴ-ը հունվարի 18-ին հրապարակած վճռով եզրահանգել էր, որ 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ Հայաստանի կառավարությունը խախտել է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները։
Հայաստանի գլխավոր դատախազն էր փետրվարին վճռաբեկ բողոք էր ներկայացրել դատարան՝ պահանջելով բեկանել Փաշինյանի՝ Մարտի 1-ի գործով դատավճիռը և արդարացնել նրան։
2021-ի սեպտեմբերին էլ Եվրոպական դատարանը եզրահանգել էր, որ Հայաստանի կառավարությունը խախտել է Սասուն Միքայելյանի հավաքների ազատությունը։ Հրապարակած վճռով Եվրադատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է իրավունքների խախտման համար Միքայելյանին փոխհատուցել մոտ 13 հազար եվրո։
Եվրադատարանը ճանաչել էր նաև Ալեքսանդր Արզումանյանի հավաքներ անցկացնելու իրավունքի խախտումը և Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել Արզումանյանին վճարել շուրջ 12 հազար եվրո։ Հայաստանի նախկին արտգործնախարարը զանգվածային անկարգությունների կազմակերպման համար դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 1 տարի կալանքի տակ մնալուց հետո համաներմամբ ազատ արձակվել։ Նիկոլ Փաշինյանը դրամական փոխհատուցման պահանջ չէր ներկայացրել։
2008-ի փետրվարին մայրաքաղաքում սկիզբ առած հետընտրական հավաքներում պաշտոնական արդյունքներով Սերժ Սարգսյանին պարտված առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի թիմակիցները նոր քվեարկություն էին պահանջում։ Ավելի քան տասն օր տևած հավաքներն ավարտվեցին բախումներով, ինչի հետևանքով 10 քաղաքացի զոհվեց, մի քանի տասնյակ մարդ բանտարկվեց։ Հայաստանի գործող վարչապետը այն ժամանակ Տեր- Պետրոսյանի ակտիվ աջակիցներից էր և «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 2010 թվականին Փաշինյանին մեղավոր ճանաչեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար ու նրան դատապարտեց 7 տարվա ազատազրկման: Նա նաև մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, սակայն այս դրվագով արդարացվեց: Փաշինյանը բանտում ավելի քան մեկ տարի մնաց, ապա համաներմամբ ազատ արձակվեց։
Սասուն Միքայելյանը, որին ձերբակալել և մեղադրել էին զանգվածային անկարգությունների կազմակերպման և ապօրինի զենք-զինամթերք պահելու ու կրելու համար,անազատության մեջ անցկացրեց 3 տարուց ավելի և 2011 թվականին ազատ արձակվեց համաներմամբ։