Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում նորից խոսում են կորոնավիրուսի «չինական հետքի» մասին


Չինաստան - Շուկան Վուհանում, որտեղ տարբեր կենդանիների միս են վաճառում, արխիվ
Չինաստան - Շուկան Վուհանում, որտեղ տարբեր կենդանիների միս են վաճառում, արխիվ

Միացյալ Նահանգներում կենսաբանական լաբորատորիաների, այդ թվում կենսաբանական տեխնոլոգիաներ հետազոտող կենտրոնների գործունեությունը հսկող էներգետիկայի նախարարությունը երկարատև ուսումնասիրությունների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ աշխարհն անցած տարիներին պատուհասած կորոնավիրուսը գուցեև ունի լաբորատոր ծագում և պատահմամբ սպրդել ու տարածվել է Վուհանի (կիրառվում է նաև Ուհան անունը) աշխատանոցից:

Ամերիկյան գերատեսչությունն ընդգծում է, որ խոսքը ոչ թե ապացուցված փաստի, այլ վարկածի մասին է, որի հավանականությունն այնուամենայնիվ բավական մեծ է:

Հետաքննությունների դաշնային գործակալությունը դեռ 2021-ին է պնդել, որ «հավանականության միջին աստիճանով՝ վիրուսը կարող էր տարածվել չինական լաբորատորիայից»:

Ամերիկյան մի շարք այլ կառույցներ նույն ժամանակաշրջանում ենթադրել են, որ վիրուսն ունի բնական ծագում և կենդանուց մարդուն է փոխանցվել:

Կենտրոնական հետախուզական վարչությունը վիրուսի բնական կամ արհեստական ծագման վարկածներից որևէ մեկին նախապատվություն չի տվել:

Կորոնավիրուսի կայծակնային տարածումը մեծ խուճապ է ստեղծել աշխարհում, մոտ 7 միլիոն մարդու կյանք է խլել, դարձել է քաղաքական, տնտեսական, գիտական, սոցիալական բազում վեճերի առիթ, հանգեցրել է կարանտինների և տնտեսական անկումների:

Դեռ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփն է կորոնավիրուսն անվանել «չինական», ինչը մեծ վրդովմունքով է ընդունվել Պեկինում:

Դեմոկրատական նախագահ Ջո Բայդենի օրոք այդ եզրույյթը չի կիրառվում: Բայց վիրուսի ծագման ուսումնասիրությունը շարունակվում է: Կարելի էր ենթադրել, որ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության փորձագետների հրապարակած նոր գնահատականն էլ զայրույթ կառաջացնի Չինաստանում:

«Հարկ է նշել, որ COVID-19 հիվանդության հարուցիչի ծագումը գիտության հարց է և չպետք է քաղաքականացվի: Չինաստանը մշտապես ակտիվորեն մասնակցել է վիրուսի ծագման համաշխարհային հետազոտություններին: Չինաստանի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները համատեղ հետազոտությունների ավարտին հայտնել են, թե Վուհանի աշխատանոցներից վիրուսի տարածման հավանականությունը չնչին է», - հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը:

Չնշելով կոնկրետ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության անունը, խոսնակը կոչ է արել «տարբեր կառույցներին դադարեցնել վիրուսի լաբորատոր ծագման վարկածի շահարկումը և Չինաստանի վարկաբեկումը»:

Կորոնավիրուսով ախտահարման առաջին դեպքերը գրանցվել են Վուհանում, և դեռ այն ժամանակ են շատերը պնդել, որ վիրուսի տարածման աղբյուրը Վուհանի վարակաբանության ինստիտուտն է, քանի որ հենց դրա աշխատանոցում են վիրուսն ուսումնասիրել չղջիկների վրա:

Ըստ մեկ վարկածի՝ վիրուսը բնական ճանապարհով է ծագել ,և այն սկսել են հետազոտել աշխատանոցում, ըստ երկրորդ վարկածի՝ հենց չինացի գիտնականներն էլ այն ստեղծել են, ապա վարակը պատահմամբ տարածվել է:

Սակայն գիտնականների աշխարհում առավել մեծ թվով աջակիցներ ունի վարկածը, որի համաձայն՝ վիրուսի ծագումը բնական է, իսկ տարածման աղբյուրը Վուհանի չարաբաստիկ շուկան է, որտեղ որպես սննդամթերք վաճառել են չղջիկներ, մողեսներ, ջրարջեր և էկզոտիկ այլ կենդանիներ:

Հենց այդ շուկայի աշխատողներն են եղել տարօրինակ ախտանիշով հիվանդանոցներ այցելած առաջին բուժառուները:

XS
SM
MD
LG