Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 30-ին հանդես է եկել հայտարարությամբ կորոնավիրուսի համավարակի ներկայիս իրավիճակի վերաբերյալ։ ԱՀԿ-ը համավարակն ավարտված չի համարել՝ դեռևս պահպանելով ծայրահեղ իրավիճակի միջազգային նշանակության կարգավիճակը։
Համավարակի երեք տարվա առիթով ԱՀԿ-ի կորոնավիրուսի արտակարգ կոմիտեի նիստում նշվել են Covid-19-ի դեմ պայքարի հաջողությունները, բայց համավարակի ավարտի մասին խոսելը դեռ վաղ է համարվել։
Այս դիրքորոշման վրա ազդեցություն է ունեցել Չինաստանում վերջերս տեղի ունեցած համավարակի նոր բռնկումը, որն արձանագրվեց կարանտինային միջոցների մեծ մասը չեղարկելուց հետո։
Նոր տեսակի կորոնավիրուսի մասին առաջին հաղորդագրություններն ի հայտ եկան 2019 թվականի դեկտեմբերից։ Երեք տարվա ընթացքում ավելի քան 670 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, հիվանդությունից շուրջ 6 միլիոն 800 հազար մարդ է մահացել։