Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանը վերաբերող թեմաների: Մասնավորապես, քննարկվել են Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելուն առնչվող հարցեր:
Երկուստեք ընդգծվել է Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու անհրաժեշտությունն ու դրա անխափան գործունեության կարևորությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ առաքելություն ուղարկելու հարցի շուրջ քննարկումները շարունակել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ հարցը կպահի ուշադրության կենտրոնում, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն արգելափակված է արդեն 74 օր: Այն անցած տարվա դեկտեմբերի 12-ին փակել են իրենց էկոակտիվիստ անվանող մի խումբ ադրբեջանցիներ, սակայն ճանապարհի արգելափակումն ուղեկցվում է նաև Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում պարբերական խափանումներով:
Գուտերեշի հետ զրույցում Փաշինյանը կարևորել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին Հայաստանի պահանջը բավարարելու որոշումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը և անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: