Մատչելիության հղումներ

Բրյուսելում սպասվում է հայ-ադրբեջանական հանդիպում. Նեդ Փրայս


ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ

Առաջիկա օրերին Բրյուսելում սպասվում է հայ-ադրբեջանական հանդիպում, հայտարարել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ Չնայած Հայաստանի արտգործնախարարը բառացիորեն երեկ Ադրբեջանին կոչ էր անում հրաժարվել Հայաստանի տարածքի նկատմամբ նկրտումներից և գալ բարեխիղճ բանակցությունների դաշտ, ամերիկացիների կարծիքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը վերջին մի քանի ամիսների բանակցություններում զգալի առաջընթաց են արձանագրել։ Ինչպես Նեդ Փրայսն է ասել, հույս ունեն տեսնել այդ առաջընթացի շարունակությունը։

«Սա կողմերի փոխգործակցության արդյունքն է: Սա Միացյալ Նահանգների հետ երկկողմ, եռակողմ ներգրավվածության արդյունք է, նաև աշխատանքի, որ Եվրամիությունն է արել իր դիվանագիտական ջանքերով, և ինչը մենք հույս ունենք տեսնել, երբ կողմերն առաջիկա օրերին կհանդիպեն Բրյուսելում՝ ԵՄ նախագահ Միշելի հյուրընկալած բանակցություններում», - հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակը:

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում, 31-ը օգոստոսի, 2022թ.
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում, 31-ը օգոստոսի, 2022թ.

Փաշինյան-Ալիև վերջին բանակցությունները կազմակերպած, դրանց նաև մասնակցած ամերիկյան կողմի ներկայացուցիչը, սակայն, չի կոնկրետացրել ոչ օրը, ոչ էլ ձևաչափը՝ արդյոք խոսքը ղեկավարների հանդիպման մասին է։ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ բացառապես ղեկավարներն են բանակցել։

Վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արմեն Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ հանդիպման մասին այս պահին տեղեկություն չունի։

Խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական հեռակա նամակագրությունը շարունակվում են։ Ինչպես վարչապետն էր ասել՝ նախագծի շուրջ արդեն երեք փուլերով բանակցություններ են եղել, մեկ շաբաթ առաջ էլ հայկական կողմը հերթական առաջարկներն է փոխանցել։ Ոչ փաստաթղթի դրույթները, ոչ էլ իր առաջարկները հայկական կողմը չի հստակեցնում։

Հայաստանի արտգործնախարարը երեկ ասում էր՝ հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումները սկսելիս Ադրբեջանի հետ եղել է պայմանավորվածություն՝ երկու ուղղությամբ վարել բանակցությունները՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ ու միջազգայնորեն տեսանելի երկխոսությամբ ԼՂ-ի հայության իրավունքների ու անվտանգության հարցով Բաքվի ու Ստեփանակերտի միջև։

Արարատ Միրզոյանը, համենայնդեպս, չասաց, որ այդ պայմանավորվածությունները փոխվել են։

«Անջատ բանակցությունները նշանակում են Արցախը մեն-մենակ թողնել Ադրբեջանի դեմ»,- կարծում է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Հայկ Մամիջայնան
Հայկ Մամիջայնան

«Երկրագնդի վրա չկա որևէ մի մարդ, ով կհավատա, որ Ադրբեջանը ունակ է վիրավոր պաշտոնական Ստեփանակերտի հետ այս պահին վարել բանակցություններ: Ինքնորոշման իրավունք առհասարակ չի կարող լինել նման բանակցային տրամաբանության մեջ, որովհետև ինքնորոշման իրավունքի բանակցությունները, երեք հիմնարար սկզբունքները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և դրանք պիտի լինեն կառավարման հիմքը, այլ ոչ թե ինչ-որ աբստրակտ իրավունքների վրա հիմնված տրամաբանությունը», - նշեց Մամիջանյանը:

Չնայած իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Վիգեն Խաչատրյանը կարծում է՝ Ադրբեջանը երբեք չի համակերպվի Արցախի ինքնորոշման իրավունքի հետ, բայց բանակցությունները տարանջատելը ճիշտ է համարում։

«Ենթադրում եմ, որ Ղարաբաղի հետ կապված հարցը ավելի ձևական բնույթ կկրի, քան Ադրբեջանի և Հայաստանի միջև ընդհանուր հայտարարի գալը: Այդ իմաստով կարծում եմ՝ իրենք ի բնե տարանջատ հարցեր են: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հիմնահարցին, այն հարցադրումը, որ Ղարաբաղն է անում, կարծում եմ, երբևիցե Ադրբեջանը չի համակերպվի այդ հարցադրման հետ, այսինքն, Ադրբեջանի կազմից դուրս և կմնան միայն միջազգային ճնշումները այդ մասով Ադրբեջանի վրա: Դա հաջողությամբ կպսակվի, թե՝ չէ, դժվար է կանխատեսել, բայց տևական պրոցես կլինի», - ասաց Խաչատրյանը:

Վիգեն Խաչատրյան
Վիգեն Խաչատրյան

Ընդդիմադիր Մամիջանյանի կարծիքով, Հայաստանը ձեռքերը փաստացի լվանում է Արցախից, քանի որ գործընթացի վրա չի կարողանալու ազդել. - «Լինելով Արցախի անվտանգության երաշխավորը օրենքի մակարդակով՝ Հայաստանը փաստացի ձեռքերը լվանում է Արցախից»:

Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ եթե նախաձեռնությունը կյանքի կոչվի, ո՛չ Հայաստանը, ո՛չ միջազգային հանրությունը երկկողմանի բանակցություններին չեն մասնակցի։ Միջազգային հանրությունը այնքանով ներգրավված կլինի, որ պայմանավորվածությունները ի կատար ածվեն ու երաշխիքներ լինեն, որ դրանք չեն խախտվի։ Իսկ Հայաստանը որպես միջնորդ չի կարող մասնակցել, որովհետև ակնհայտ կողմ է։ Այս դեպքում Երևանը վերահսկողության ի՞նչ լծակներ է ունենալու, եթե Ադրբեջանի դադարեցնի բանակցությունները կամ պայմանավորվածություններ խախտի։

«Հայաստանը որևէ լծակ չի ունենալու՝ պարտադրի Ադրբեջանին ընդունել Ղարաբաղի պայմանները», - նշեց Խաչատրյանը:

«Ազատության» հարցին՝ իսկ դա միայնակ թողնել չէ՞, նա պատասխանեց. «Միայնակ կամ միայնակը չի, Մենք ասում ենք՝ Ղարաբաղը թող նստի բանակցությունների, և ինչ կորոշի, նա էլ կպաշտպանի»:

Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են հինգ օր առաջ՝ հենց այդ հանդիպմանը Ադրբեջանի նախագահը պատրաստակամություն հայտնեց խոսել արցախցիների հետ, եթե բանակցողը չլինի Ռուբեն Վարդանյանը։ Այդ պայմանը, ըստ էության կատարվեց, Արցախի նախագահը այսօր պաշտոնից հեռացրեց Վարդանյանին։

XS
SM
MD
LG