Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակը երեկ «զարհուրելի» և «է՛լ ավելի անպատասխանատու» է անվանել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին իր մասնակցությունը սառեցնելու Մոսկվայի որոշումը՝ ասելով, որ պայմանագիրը միջուկային տերությունների միջև փոխգործակցության «կենսական գործիք» էր և հիմք է հանդիսացել միջուկային զենքի գլոբալ չտարածման համար:
Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը որպես միջուկային տերություններ պատասխանատվություն են կրում իրենց ժողովուրդների, ինչպես նաև ամբողջ աշխարհի մարդկանց առջև:
«Մենք շատ ուշադիր հետևելու ենք, թե իրականում ինչ կանի Ռուսաստանը հայտարարությունից հետո», - ասել է Փրայսը՝ խոստանալով, որ Միացյալ Նահանգներն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի, եթե «Ռուսաստանի կողմից ձեռնարկվեն ինչ-որ քայլեր, որոնք կպահանջեն մեր դիրքորոշման որոշակի փոփոխություն»: