Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը «տխուր և անպատասխանատու է» անվանել մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազենի կրճատման պայմանագրին սառեցնելու մասին Ռուսաստանի որոշումը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ը մեծ ուշադրությամբ հետևելու է Ռուսաստանի իրական քայլերին և ամեն ինչ կանի իր ու դաշնակիցների անվտանգությունը երաշխավորելու համար:
Բլինքենի խոսքով, Միացյալ Նահանգները պատրաստ է ցանցակած պահին այդ խնդրի շուրջ վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ:
Պայմանագիրը սառեցնելու որոշման մասին նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է փետրվարի 21-ին՝ ամենամյա ուղերձում:
Պուտինի որոշումը խստորեն քննադատել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Ռուսաստանը միտումնավոր ոչնչացնում է միջազգային անվտանգության ճարտարապետությունը»,- հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ «Մոսկվան ապամոնտաժում է «սառը պատերազմի» ավարտից հետո հաստատված անվտանգության համակարգը»:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Պուտինն է նմանօրինակ մեղադրանքներ ներկայացրել Արևմուտքին ու ՆԱՏՕ-ին: