Մատչելիության հղումներ

ՌԴ խորհրդարանի երկու պալատները հաստատեցին միջուկային պայմանագրում Ռուսաստանի մասնակցությունը սառեցնելու մասին օրինագիծը


Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում այսօր կայացել է ռուս-ուկրաինական պատերազմի տարելիցին նվիրված համերգ-հանրահավաքը Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։

Օրվա առաջին կեսին, Պուտինի հայտարարությունից 24 ժամ չանցած Պետդուման հավանություն տվեց միջուկային զենքի պայմանագրին Ռուսաստանի մասնակցության կասեցման օրինագծին։ Կողմ քվեարկեցին նիստին ներկա բոլոր 401 պատգամավորները, կամ ընդհանուր կազմի 89 տոկոսը։ Ավելի ուշ նախագծին հավանություն տվեց խորհրդարանի վերին պալատը։

Իր այս աննախադեպ որոշման մասին Ռուսաստանի նախագահը հայտարարեց երեկ՝ Դաշնային ժողովին հղած ուղերձում՝ հանձնարարելով Պաշտպանության նախարարությանն ու «Ռոսատոմին» պատրաստ լինել միջուկային զենքի փորձարկմանը. - «Վաշինգտոնը միջուկային զենքի նոր տեսակներ է մշակում է, մտածում է միջուկային զենքի փորձարկման մասին: Մենք էլ պետք է պատրաստ լինենք փորձարկել մեր միջուկային զենքը։ Իհարկե, առաջինը դա չենք անի։ Բայց եթե Միացյալ Նահանգները փորձարկի, մենք էլ կփորձարկենք»։

Միջուկային անվտանգության առանցքային պայմանագիրը նախատեսում է ԱՄՆ-ում և Ռուսաստանում տեղակայված միջուկային մարտագլխիկների քանակի սահմանափակում, ինչպես նաև փոխադարձ ստուգումներ և խորհրդատվություններ:

Ի՞նչ է գործնականում նշանակում դրա սառեցումը։ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, օրինակ, ակնկարկում է՝ մոլորակը հայտնվել է համաշխարհային հակամարտության շեմին. - «Բոլոր ողջամիտ ուժերի համար ակնհայտ է, որ եթե ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանի պարտությունը, ապա մենք համաշխարհային հակամարտության շեմին ենք։ Եթե ԱՄՆ-ն ցանկանում է հաղթել Ռուսաստանին, ապա մենք իրավունք ունենք պաշտպանվելու ցանկացած զենքով, այդ թվում՝ միջուկային։ Եվ ինչպես իրավացիորեն ասաց Վլադիմիր Պուտինը, ռազմի դաշտում անհնար է հաղթել Ռուսաստանին»։

Երեկ Պուտինը մի քանի անգամ շեշտեց, որ Մոսկվան դուրս չի գալիս պայմանագրից, միայն սառեցնում է իր մասնակցությունը։ Կրեմի խոսնակն այսօր ասել է, թե Մոսկվան կվերադառնա պայմանագրին, եթե Արևմուտքը լսի Ռուսաստանի դիրքորոշումը. - «Ամեն ինչ կախված կլինի Արևմուտքի դիրքորոշումից։ ՆԱՏՕ-ն աշխատում է տեղական հակամարտությունը համաշխարհայինի վերածելու ուղղությամբ: Հենց մեր մտահոգությունները հաշվի առնելու պատրաստակամություն լինի, իրավիճակը կփոխվի»։

Ու մինչ Մոսկվան գրեթե անթաքույց սպառնում է Արևմուտքին միջուկային պատերազմով, Ուկրաինայի արևելքում շարունակվում են կատաղի մարտերը։
Հատկապես լարված իրավիճակ է Բախմուտի մոտ։ Չեն դադարում նաև խաղաղ բնակավայրերի գնդակոծությունները։ Խերսոնի մարզը վերջին 24 ժամվա ընթացքում ռմբակոծվել է ավելի քան հիսուն անգամ, հինգ խաղաղ բնակիչ է զոհվել։

Երկու օրից լրանում է պատերազմի առաջին տարելիցը, սակայն դրա վերջը չի երևում, հակառակը, սպասվում են էլ ավելի թեժ մարտեր, ուկրաինական կողմը հակահարձակում է ծրագրում։ Ռուսներն իրենց հերթին կանգ առնելու որևէ նշան ցույց չեն տալիս և անդադար կրկնում են՝ մարտի դաշտում իրենց հաղթելն անհնար է։

Այս պայմաններում առաջիկա օրերին հակամարտության հարցում չեզոք դիրքորոշում որդեգրած Չինաստանը պատրաստվում է հրապարակել խաղաղության իր ծրագիրը։ Ըստ ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի, ծրագրի մանրամասներն արդեն փոխանցվել են Կիևին և Մոսկվային։ Մոսկվայում է Չինաստանի կոմկուսի կենտկոմի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավարը։ Վան Իին արդեն ընդուննել են Ռուսաստանի նախագահն ու արտգործնախարարը։ Հանդիպումներից մանրամասները հայտնի չեն։ «Բլումբերգի» փոխանցմամբ՝ չինական խաղաղության ծրագիրը կարող է ներառել
Կիևին արևմտյան զենքի մատակարարումը դադարեցնելու պահանջ։

XS
SM
MD
LG