Մատչելիության հղումներ

Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Մակրոնի հետ. դեռ հայտնի չէ՝ Ալիևի հետ բանակցություններ կլինեն, թե ոչ


Արդեն երկրորդ օրն է պաշտոնապես չի հստակեցվում՝ մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում Փաշինյան-Ալիև բանակցություններ տեղի կունենան, թե՝ ոչ։

Թե Հայաստանի վարչապետը, թե Ադրբեջանի նախագահը հրավիրյալների շարքում են։ Ղեկավարների հանդիպումն ադրբեջանական լրատվամիջոցները չէին բացառել։ Հայաստանի կառավարությունից միայն ասում են՝ եթե նման հանդիպում լինի, կտեղեկացնեն։

3 տարի առաջ միջազգային այս կոնֆերանսը մի այդպիսի հանդիպում-բանավեճի հարթակ դարձավ։ Նիկոլ Փաշինյանը երեկվանից է Գերմանիայում, նրան ուղեկցում են արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ալիևի հետ էլ Մյունխեն են մեկնել արտգործնախարար Ջեհյուն Բայրամովն ու նրա խորհրդական Հիքմեթ Հաջիևը։ Հենց այս պաշտոնյաներն են ղեկավարներից բացի հայ-ադրբեջանական բանակցություններ վարում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ միասին վաղը կմասնակցի «Շուռ տալով լեռները. անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով քննարկման։ Հարավային Կովկասի մյուս երկրի՝ Հայաստանի ղեկավարի անունը, սակայն, այդ հանդիպման բանախոսների շարքում նշված չէ։ Համաժողովի պաշտոնական կայքում հրապարակված ժամանակացույցի համաձայն՝ եռօրյա պանելային քննարկումներից ոչ մեկին Հայաստանի վարչապետը չի մասնակցում։

Կառավարությունից հայտարարել էին՝ վարչապետը Մյունխենում կհանդիպի արտերկրի մի շարք գործընկերների հետ՝ առանց հստակեցնելու: Այս պահին մի քանի հանդիպման մասին է հաղորդվել, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահի հետ կարճատև շփման, Իրաքի վարչապետի հետ քննարկման։ Երեկ երեկոյան էլ Փաշինյանը ոչ պաշտոնական զրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Միշել-Փաշինյան հանդիպման մասին վարչապետի գրասենյակից միայն տեղեկացրեցին՝ անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցերի:

Եվրոպական հարթակներում հայ-ադրբեջանական նախկին բանակցությունները հյուրընկալում էր հենց Եվրոպական խորհրդի նախագահը, հաճախ դրանց մասնակցնում էր նաև Ֆրանսիայի առաջնորդը։ Անցած դեկտեմբերին ծրագրվող հանդիպումը Ադրբեջանի նախագահը չեղարկեց՝ դեմ լինելով Մակրոնի ներկայությանը։ Հենց նրա մասնակցությունը, ըստ Ալիևի, Փաշինյանն էր պնդել։

Արդյոք եվրոպացիները կնախաձեռնեն հայ-ադրբեջանական բանակցություններ, թե վերջին շրջանում կողմերի հետ շատ ակտիվ կապի մեջ գտնվող Միացյալ Նահանգները, սրանք հարցեր են, որոնց պաշտոնական պատասխանները չկան։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ալիևն այսօր մասնակցել է էներգետիկ անվտանգության հարցով կլոր սեղանի, ելույթ ունեցել, նշել, թե անցյալ տարի ադրբեջանական գազի մատակարարումների ավելացումը ինչքան է նպաստել Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը։

Չնայած քննադատություններին, թե կապույտ վառելիքի մատակարարման դիմաց Ադրբեջանը ԵՄ-ին ստիպում է փակել աչքերը մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա, անցած հուլիսին Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության հուշագիր ստորագրեցին, փաստացի ընդգծելով՝ դա ռուսական գազի այլընտրանքը կլինի։

Այսօր Ալիևը արդեն էներգետիկ համագործակցությունը ընդլայնելու, Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու ծրագրերից է խոսել։

Եվ ահա արևմտյան առաջնորդների հավաքի մեկնարկին, որի շրջանակներում բացառված չեն նաև հայ-ադրբեջանական բանակցությունները, Մոսկվան հայտարարեց՝ պատրաստ են կազմակերպել արտգործնախարարների հանդիպում։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում ասել է՝ Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են, որ հետաքրքրված են ռուսական միջնորդությամբ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններով:

Ժամկետներ ռուսաստանցի պաշտոնյան չի նշել։ Հայկական կողմն էլ դեռ չի արձագանքում հայտարարությանը։ Դեկտեմբերյան մեկ այդպիսի հանդիպման Լաչինի միջանցքը փակ լինելու պատճառաբանությամբ հայկական կողմը չմասնակցեց։ Մի քանի օր առաջ Արարատ Միրզոյանը, սակայն, չէր բացառել այդ ձևաչափով քննարկումը, ինչպես ասել էր՝ «հարմար պահի»՝ նախապայմաններ էլ չէր դրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG