Մատչելիության հղումներ

Պարեկների մի մասն աշխատում է «շառից փորձանքից հեռու» սկզբունքով. Դանիել Իոաննիսյան


Երեկ կեսգիշերին «Համեր»-ի վարորդը անկանոն սլանում էր Հանրապետության հրապարակի, այդ թվում՝ կառավարության շենքի մայթերով, չենթարկվելով պարեկներին, մեքենաներ վնասելով պտույտներ էր կատարում հրապարակի հարակից փողոցներով։ Պարեկները, որ կրակոցներ էին արձակում մեքենայի անիվներին, չէին կարողանում կանգնեցնել անկառավարելի վարորդին։

Շատերին այս պատկերը հիշեցրել էր համակարգչային հայտնի GTA խաղը, որի հերոսը մարդկանց ու մեքենաների վրայով անարգել անցնելու հնարավորություն ունի։

Տևական հետապնդումից հետո վարորդը կանգնեցրել էր մեքենան Ագաթանգեղոս փողոցում ու փախուստի դիմել, ավելի ուշ ոստիկաններին հաջողվել էր գտնել նրան։ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է, նա Արարատի մարզից է։ Մինչ այդ հասցրել էր վրաերթի է ենթարկել պարեկներից մեկին ու վնասել քաղաքացիական 8 և պարեկային ծառայության 3 մեքենա։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, երիտասարդը ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ է եղել, նրա մոտ հայտնաբերվել է «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող զանգված: Իսկ նախքան անկանոն վարելը, ըստ Քննչական կոմիտեի, մոտեցել էր հրապարակում ծառայություն իրականացնող պարեկներին ու մեքենան լիցքավորելու համար գումար պահանջել, մերժում ստանալուց հետո էլ սկսվել էր այս պատմությունը։

«Տեղյակ լինելով որդու թմրամոլ լինելու մասին` հայրն ավտոմեքենայի բանալիները թաքցրել է նրանից, սակայն երիտասարդը փնտրել ու գտել է ավտոմեքենայի պահեստային բանալին, որից հետո ավտոմեքենայով մարզից եկել է Երևան քաղաք և օգտագործել թմրամիջոց», - նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Երեկվա կադրերում պարեկները մի քանի մեքենաներով շրջափակում էին արծաթագույն ամենագնացը, մի քանի զգուշացումներից հետո կրակ բացում նրա ուղղությամբ։ Տեսանյութի տարածումից հետո օգտատերերը համացանցում քննադատում էին մի քանի տասնյակ պարեկների աշխատանքը, որոնց չէր հաջողվում ամբողջությամբ շրջափակել մեքենան։

Պարեկային ծառայության ձևավորմանն ակտիվ մասնակցած Դանիել Իոաննիսյանը նույնպես կարծում է, որ պարեկները երեկ թերացել են, ընդգծելով՝ ոչ բոլորը:

«Նախ՝ էֆեկտիվորեն ծառայողական ավտոմոբիլներով «Համեր»-ին արգելափակելու առումով, և երկրորդը՝ էֆեկտիվորեն հրազենի օգտագործման առումով, որովհետև պարեկներին վրաերթի ենթարկելու պահից ի վեր ամողջությամբ լեգիտիմ էր հրազենի կիրառումը: Պարեկները ինչ-որ առումով վախեցան, ոչ բոլորը, իհարկե, մի մասը հրազեն կիրառում էր, մի մասն արգելափակում էր, բայց ոչ բոլորն էին դա անում, և դրա արդյունքում գործողությունը էֆեկտիվ չէր լինում», - ընդգծեց Իոաննիսյանը:

«Բարեփոխված ոստիկանության պերճանքն ու թշվառությունն էին պարեկների աշխատանքի կեսգիշերային կադրերը», «այսպե՞ս է բարեփոխվել ոստիկանությունը», «արտերկրում այդ վարորդը վայրկյանների ընթացքում կլիկվիդացվեր»... միջադեպից հետո սոցցանցերում գրում էին օգտագերերը, բայց կային նաև հակառակ կարծիքներ՝ «պարեկները մարդաշատ վայրում զգույշ էին գործում, հո չէին սպանելու վարորդին»:

Իոաննիսյանը քննադատությունները մասամբ է ընդունում. ասում է՝ պարեկների մի մասն աշխատում է «շառից փորձանքից հեռու» սկզբունքով, որովհետև մանր-մունր հարցերով շատ են ընկնում քաշքշուկների մեջ։

Հղում անելով պաշտոնական տվյալներին՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի» ղեկավարն ասում է՝ անցյալ տարի, ավելի շատ պարեկ է կարգապահական պատասխանատվության ենթարկվել, քան մնացած բոլոր ոստիկանները։

«Այսինքն՝ մոտ 1300 պարեկները ավելի շատ կարգապահական պատասխանատվության են կանչվել, մեծ մասը ման-մունր բացթողումների համար, քան թե մնացած ամբողջ ոստիկանական համակարգը՝ ավելի քան 10 հազար ծառայողով միասին վերցրած: Նույնիսկ եթե ինչ-որ մեկին կանգնեցնելու համար ստիպված էին ավտոմոբիլով խփեն, եթե դա ծայրահեղ վտանգավոր էր, հետո էդ նույն պարեկներին էնքան էին քաշքում՝ բացատրություն տալ, էս տալ, էն տալ, ծառայողական քննություն էին բացում», - նշեց նա:

Իոաննիսյանը, որ կառավարության հետ ակտիվ համագործակցում էր պարեկային ծառայության ներդրման աշխատանքներում, նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարար նշանակելուց հետո դադարեցրեց այդ համագործակցությունը, ընդգծելով, թե հենց Ղազարյանն է ոստիկանության բարեփոխման դեմ գնացողներից մեկը։ Ինքը Ղազարյանը առ այսօր չի արձագանքել ոչ Իոաննիսյանի, ոչ էլ մյուս իրավապաշտպանների քննադատությանը։

«Պետք է արմատապես փոխել համակարգը, պետք է դուրս բերել շառից-փորձանքից հեռու, ձևի համար ծառայելու տրամաբանությունից: Բայց Վահե Ղազարյանը չի կիսում այդ մոտեցումը, ոստիկանը հանցագործություն է տեսնում, ասում է՝ «ես մեջքով կանգնեմ, զահլա չունեմ, հենա մի հոգի չամրակապված է, ավելի լավ է գնամ նրան տուգանեմ, քան ստեղ լուրջ պատմության մեջ մտնեմ»: Այդ պրինցիպով է ոստիկանության համակարգը ծառայում: Վերջին հինգ տարիների տվյալներով՝ սպանություն կատարած անձանց 73 տոկոսը դատարան չի հասնում», - ընդգծեց Իոաննիսյանը:

«Համեր»-ի վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ միանգամից 3 հոդվածներով՝ խուլիգանության, գույքի ոչնչացման և իրավապահների հրահանգներին չենթարկվելու ու նրանց նկատմամբ բռնություն կիրառելու համար։

XS
SM
MD
LG