Մատչելիության հղումներ

«Համերի» վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է. Քննչական կոմիտեն մանրամասներ է հաղորդում


«Համերի» 25-ամյա վարորդը փետրվարի լույս 11-ի գիշերը հայտնաբերվել ու ձերբակալվել է, հայտնում են Ոստիկանությունից։ Ըստ իրավապահների, նա Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ է:

Ավելի վաղ համացանցում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները Երևանի Հանրապետության հրապարակում փորձում կանգնեցնել արծաթագույն ամենագնացի վարորդին:

Քննչական կոմիտեն դեպքից մանրամասներ է ներկայացնում՝ նշելով, որ փետրվարի 11-ին ՔԿ-ում հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 10-ին` ժամը 23։30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում Պարեկային ծառայության ծառայողներին է մոտեցել «Համեր» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է պահանջել պարեկներից։

Մերժում ստանալուց հետո, ըստ հաղորդագրության, նա մեքենան վարել է Աբովյան փողոցով՝ երթևեկությանը հանդիպակաց, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների` «կանգ առ» ազդանշանին, մեքենան շարունակել է վարել Արամի, Փ. Բյուզանդի, Վ. Սարգսյանի, Ագանթագեղոսի, Տիգրան Մեծի, Ամիրյան փողոցներով, այդ թվում` հետիոտնի համար նախատեսված վայրով՝ դիտավորյալ վնասելով փողոցներում կայանված 8 քաղաքացիական մեքենա։ Այնուհետև նա երթևեկել է Կառավարության վարչական շենքի հանդիպակաց՝ ոչ երթևեկելի հատվածով, որտեղ վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության աշխատակցին, դիտավորյալ վնասել Պարեկային ծառայության 3 ավտոմեքենա։

Իրավապահները իրենց ամրակցված ատրճանակներով մոտ տարածությունից` մի քանի անգամ կրակել են ավտոմեքենայի անվադողերի ուղղությամբ՝ փորձելով կանգնեցնել այն, սակայն վարորդը շարունակել է երթևեկությունը, խույս տալով պարեկներից` մեքենան թողել է Երևան քաղաքի Ագաթանգեղոս 7-րդ շենքի կամարանցման տակ և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Վկայի և տուժողի կարգավիճակներով հարցաքննվել են պարեկային ծառայության մի շարք աշխատակիցներ:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Համեր» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակչի, ով փետրվարի 11-ին` ժամը 01:40-ին, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Քննությամբ պարզվել է, որ ավտոմեքենան վարել է վերջինիս որդին՝ Գ․Ս․-ն, ով եղել է ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ:

«Տեղյակ լինելով որդու թմրամոլ լինելու մասին` հայրն ավտոմեքենայի բանալիները թաքցրել է նրանից, սակայն երիտասարդը փնտրել ու գտել է ավտոմեքենայի պահեստային բանալին, որից հետո ավտոմեքենայով մարզից եկել է Երևան քաղաք և օգտագործել թմրամիջոց», - նշված է հաղորդագրությունում:

Նույն օրը՝ ժամը 03:20-ին, Երևանում խուլիգանություն, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, գույքի դիտավորյալ վնասում կատարելու և թմրանյութ պահելու հիմնավոր կասկածով ձերբակալվել ու վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 1997թ․ ծնված Գ․Ս․-ն:

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 1,9 գրամ քաշով թղթի մեջ փաթեթավորած բյուրեղանման «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող զանգված:

Գ.Ս․-ն տվել է ինքնախոստովանական ցուցմունք։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG