Մատչելիության հղումներ

Եվրամիությունը պատժամիջոցներ է պատրաստում ռուսական բանկերի, Ազգային բարեկեցության հիմնադրամի դեմ


Եվրամիությունը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել ռուսական բանկերի՝ Tinkoff-ի, Alfa-Bank-ի և Rosbank-ի դեմ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթի համար պատրաստված ԵՄ առաջարկների նախագծին։

Գործակալության տվյալներով, պատժամիջոցների տակ կարող է հայտնվել նաև Ազգային բարեկեցության հիմնադրամը՝ ռուսական պահուստային հիմնադրամը, որը ձևավորվել է նավթից ստացված գումարներից և պետական այլ եկամուտներից։

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Եվրամիությունը մտադիր է ստիպել բանկերին բացահայտել Կենտրոնական բանկի ակտիվների մասին տեղեկությունները։ Պատժամիջոցների տակ գտնվող այս և այլ պետական ակտիվների վերաբերյալ տվյալներ ստանալն առաջին քայլն է «Ուկրաինայի վերակառուցմանը այդ միջոցների հնարավոր ուղղման տարբերակների ուսումնասիրման համար»:

Եվրահանձնաժողովը նաև առաջարկել է խստացնել պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ընկերությունների և անհատների հետ կապված սառեցված ակտիվների վերաբերյալ հաշվետվությունները: Մասնավորապես, առաջարկվում է պահանջվող տեղեկատվությունը չտրամադրելու համար ֆիզիկական անձանց տուգանել մինչև 50 հազար եվրոյով, իսկ իրավաբանական անձանցից վերցնել տարեկան եկամտի 10 տոկոսը։

Եվրամիությունը մտադիր է նաև պատժամիջոցներ կիրառել տասնյակ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների, այդ թվում՝ քաղաքական գործիչների, զինվորականների և քարոզիչների դեմ, նշում է գործակալությունը։ Politico-ն ավելի վաղ հայտնել էր, որ պատժամիջոցների ցանկում է մոտ 130 մարդ և ընկերություն։

Եվրամիությունը պատրաստվում է պատժամիջոցների տասներորդ փաթեթն ընդունել հաջորդ շաբաթ՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման տարելիցին ընդառաջ։ Այս փաթեթը կարող է ներառել նաև սահմանափակումներ ռուս զինվորականների կողմից օգտագործվող ապրանքների՝ տեխնոլոգիաների, բաղադրիչների, տրանսպորտային միջոցների, էլեկտրոնիկայի և հազվագյուտ մետաղների նկատմամբ:

XS
SM
MD
LG