Մատչելիության հղումներ

«Միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի»․ Արայիկ Հարությունյան


Պաշտոնական Ստեփանակերտը կոչ է անում միջազգային հանրությունը խոսքից գործի անցնել։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, տարածած հայտարարությամբ, դիմում է ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, ինչպես նաև՝ միջազգային հանրության բոլոր անդամներին՝ միասին կամ առանձին-առանձին արդյունավետ միջոցներ ձեռնարկել Արցախի կյանքի ճանապարհի բացման և նորանոր հանցագործությունների կանխման ուղղությամբ:

Պաշտոնական Ստեփանակերտը նաև հորդորում է պատժամիջոցներ սահմանել Արցախի ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունների բոլոր հեղինակների ու աջակիցների և Ադրբեջանի պետության դեմ՝ ի թիվս այլ պատժամիջոցների՝ արգելելով նրանց մուտքը սեփական տարածքներ և սառեցնելով իրենց երկրներում գտնվող շարժական և անշարժ գույքը:

«Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի էթնիկ զտման փորձը մտնում է մարդկության դեմ (erga omnes) հանցագործությունների իրավական հասկացության մեջ։ Դրա կանխումը բարոյական, իրավական և քաղաքական պարտավորություն է, որը պարտադիր է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը ստորագրած բոլոր կողմերի համար: Ուստի, միջազգային հանրության յուրաքանչյուր անդամի պարտավորությունն է առավելագույնը կատարել նաև Արցախի ժողովրդի պաշտպանության և սեփական հայրենիքում արժանապատվորեն ապրելու համար», - ասված է Արցախի նախագահի հայտարարությունում:

Ողջունելով բազմաթիվ երկրների գործադիր ու օրենսդիր իշխանությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հստակ կոչերն Ադրբեջանին՝ անհապաղ ու անվերապահ կերպով վերացնելու շրջափակումը՝ Արայիկ Հարությունյանն ընդգծում է՝ «այդ պահանջներն ու դիրքորոշումները, սակայն, քիչ ազդեցություն են ունենում Ադրբեջանի մոլեռանդ ու ատելությամբ լեցուն անզիջողականության պայմաններում»:

«Ահա թե ինչու միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի, ինչպես նա վարվում է այլ տարածաշրջաններում՝ ցեղասպանության վաղ ահազանգող նշանների առկայության դեպքում», - մասնավորապես, նշել է Արցախի նախագահը:

Արդեն շուրջ երկու ամիս է Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանքցը։ Արցախի 120 հազար բնակչությունը կանգնած է հումանիտար ճգնաժամի առաջ․ առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի խիստ պակաս կա։ Ճանապարհի արգելափակումն ուղեկցվում է նաև Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում պարբերական խափանումներով: Ճանապարհը բացելու կոչեր են հնչել Միացյալ Նահանգներից, Եվրամիությունից, Ռուսաստանից, միջազգային մի շարք կառույցներից։ Այդ կոչերը, սակայն, առայժմ ոչ մի արդյունք չեն տվել։ Ավելին՝ Բաքուն շարունակում է պնդել, որ միջանցքը բաց է։

XS
SM
MD
LG