Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանն ու Քերըն Դոնֆրիդը մտքեր են փոխանակել ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակի շուրջ


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

Ըստ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության, մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ։

Արարատ Միրզոյանը վերահաստատել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շուտափույթ վերացնելու և առանց որևէ նախապայմանի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված բնականոն ռեժիմը վերականգնելու անհրաժեշտությունը:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալը այսօր հեռախոսազրույցն է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ կրկին քննարկելով Լաչինի միջանցքի հարցը:

Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն արգելափակված է արդեն 61 օր: Այն անցած տարվա դեկտեմբերի 12-ին փակել են իրենց «էկոակտիվիստ» անվանող մի խումբ ադրբեջանցիներ, սակայն ճանապարհի արգելափակումն ուղեկցվում է նաև Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում պարբերական խափանումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG