Թուրքիայում և Սիրիայում փետրվարի վեցին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը պաշտոնապես հատեց տասը հազարի շեմը։ Այդ մասին հայտնի դարձավ քիչ առաջ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը աղետի գոտի կատարած այցի ընթացքում հրապարակեց զոհերի մասին վերջին տեղեկատվությունը։
«Ցավոք սրտի, [Թուրքիայի տարածքում] այս պահի դրությամբ գրանցվել է 8574 զոհ։ Վիրավորների թիվը հասնում է 49 133-ի, փլուզված շենքերի ընդհանուր թիվն է 6444», - հայտարարեց Էրդողանը՝ խոստովանելով, որ երկրաշարժից անմիջապես հետո թուրքական իշխանություններն այնքան էլ արդյունավետ չեն գործել։
«Առաջին օրերին որոշակի խնդիրներ կային: Այս պահից սկսած, սակայն, ամեն ինչ կընթանա նորմալ հունով», - պնդեց Թուրքիայի նախագահը։ Էրդողանի խոսքով՝ առաջին օրերին հիմնական խնդիրները կապված էին ստորգետնյա ցնցումներից տուժած օդանավակայանների և ճանապարհների հետ։ Այժմ, սակայն, նրա պնդմամբ, «իրավիճակը շտկվում է»։
Էրդողանի այցի ֆոնին՝ շարունակում են Թուրքիա ժամանել նաև օտարերկրյա փրկարարներն։ Ընդհանուր առմամբ Անկարային օգնություն է առաջարկել ավելի քան 70 պետություն, շուրջ երկու տասնյակ երկրների փրկարարական ստորաբաժանումներն արդեն իսկ աղետի գոտում են։
Թուրքիա են մեկնել անգամ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինայի փրկարարները։ Անկարայում այդ երկրի դեսպանի խոսքով՝ ուկրաինացի փրկարարների ընդհանուր թիվը հասնում է 87-ի։
«Երբ մենք նման ծանր վիճակում ենք, ողջ աշխարհն է մեզ օգնության ձեռք մեկնում։ Այնպես որ, մենք չէինք կարող անմասն մնալ», - Թուրքիա մեկնելուց առաջ նշում էր ուկրաինացի փրկարարներից մեկը։
Հարևան Թուրքիա փրկարարներ է ուղարկել նաև Վրաստանը։ Վրացական 60 հոգանոց փրկարարական ջոկատին Ադիյաման քաղաք ժամանելուց մի քանի ժամ անց հաջողվել է մի վիրավոր կնոջ դուրս բերել փլատակների տակից։
Ի տարբերություն Թուրքիայի՝ Սիրիան, որտեղ այս պահի դրությամբ զոհերի թիվը մոտենում է 3000-ի, միջազգային նման համապարփակ ուշադրության չի արժանանում, հատկացվող օգնության ծավալներն էլ անհամեմատ ավելի փոքր են։ Պաշտոնական Դամասկոսի պնդմամբ՝ պատճառները նախևառաջ քաղաքական են։
«Բազմաթիվ բեռնատար օդանավեր հրաժարվում են վայրէջք կատարել սիրիական օդանավակայաններում՝ մեր երկրի դեմ սահմանված ամերիկյան և եվրոպական պատժամիջոցների պատճառով։ Այդ իսկ պատճառով նույնիսկ այն երկրները, որոնք ցանկանում են մարդասիրական օգնություն ուղարկել, պատժամիջոցների պատճառով չեն կարող օգտագործել բեռնատար օդանավերը», - հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բասսամ Սաբաղը։
Սիրիայում, մասնավորաբար Հալեպում, այս պահին առավել ակտիվ են հատկապես ռուսաստանցի և ալժիրցի փրկարարները։ Քաղաքում աշխատում են թե Ռուսաստանի պաշտպանության և թե արտակարգ իրավիճակների նախարարությունների կազմում գործող ստորաբաժանումները։ Ռուսաստանի ՊՆ-ն, օրինակ, պնդում է, որ անցած գիշեր փլատակներից տակից բնակիչների են դուրս բերել անգամ ռազմական ոստիկանության աշխատակիցները։