Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել ավերիչ երկրաշարժից տուժած երկու երկրների՝ Թուրքիայի ու Սիրիայի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Բաշար Ալ Ասադի հետ, հայտնում են կառավարությունից։
Վարչապետը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Թուրքիայի և Սիրայի նախագահներին և ժողովուրդներին՝ երկրաշարժերի շղթայի բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին։
Էրդողանին նա ասել է, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքի է պատրաստվում Հայաստանի Հանրապետության փրկարարական ուժերին աղետի գոտի տեղափոխող ինքնաթիռը, իսկ Ասադի հետ զրույցում նշել՝ Հայաստանը պատրաստվում է աջակցել Սիրիային՝ զորավիգ լինելու երկրաշարժից տուժած բնակչության ծանր կենսական պայմանները թեթևացնելու և աղետի հետևանքները վերացնելու հարցում:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն է հայտնել զորակցության համար և նշել, որ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից:
Բաշար Ալ Ասադը ևս շնորհակալություն է հայտնել զորակցության համար և նշել, որ իրենց համար այս պահին առաջնային խնդիրը կապված է սննդի հետ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Հայաստանը որպես առաջնահերթություն Սիրիա կուղարկի սնունդ, ինչպես նաև այլ տեսակի օգնություն:
Սիրիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ցուցաբերվելիք օժանդակության համար և հույս հայտնել, որ նաև Հայաստանի Հանրապետության օգնությամբ հնարավոր կլինի հնարավորինս արագ հաղթահարել երկրաշարժի ծանր հետևանքները: