Այս պահին հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններն ընթանում են Միացյալ Նահանգների միջնորդությամբ, հայտարարում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանը։ Պատգամավորն ասում է՝ պայմանագրի տեքստի տարբերակը ԱՄՆ-ում է ներկայացվել։
Բովանդակությունը չի հրապարակվել, մի բան է հայտնի՝ Հայաստանն ու Ադրբեջանը դրա շուրջ իրենց առաջարկները միմյանց են փոխանցում։ Վերջին անգամ Հայաստանն է ուղարկել, ինչպես արտգործնախարար Միրզոյանն է ասել՝ մի ամիս է Ադրբեջանից պատասխանի են սպասում։
«Ես չէի շտապի այդպիսի եզրահանգումներ անել, որ խաղաղության պայմանագրի գործընթացը փակուղում է: Երեկ նաև դա վերահաստատեց արտաքին գործերի նախարարը, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ քննարկումները շարունակվում են», - նշեց պատգամավորը:
Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները երեք հարթակներում՝ Եվրամիության, Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջնորդությամբ էին կազմակերպվում։ Անցած նոյեմբերից բանակցություններ թե ղեկավարների, թե արտգործնախարարների մակարդակով, սակայն, չկան։
Ամերիկյան ու ռուսական առաջարկների բովանդակությունը պաշտոնապես չի հրապարակվել։ Դրանց մասին խոսել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Խաղաղության պայմանագրի վաշինգտոնյան տարբերակը, ըստ նրա, ենթադրում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Կա նաև հնարավորություն Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրում ներառել Ղարաբաղի հարցը, ենթադրաբար, սա է ռուսական առաջարկը։
Վարչապետ Փաշինյանը մի քանի օր առաջ հայտարարում էր՝ պատրաստ է Ռուսաստանի առաջարկների հիման վրա ստորագրել փաստաթուղթ, երեկ ասում էր՝ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա է պատրաստ գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Ի վերջո Հայաստանի համար ո՞ր տարբերակն է նախընտրելի՝ ռուսակա՞ն, թե՝ արևմտյան:
«Նախընտրությունների հարց չէ սա, ամենակարևորը, որ միջնորդ կողմը որքանով է կարողանում երաշխավորել, որպեսզի խաղաղության պայմանագիրն ուղղակի չմնա թղթի վրա, և հիմա, ըստ էության, գործընթացն ընթանում է Միացյալ Նահանգների միջնորդությամբ սկսած գործընթացի տրամաբանությամբ», - ասաց պատգամավորը:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր զարմանում էր. «Երկու, չեմ ասում իրարամերժ, բայց անկյունաքարային տարբերություն ունեցող պայմանագրի պայմաններում ո՞նց կարելի է երկուսին էլ համաձայնել: Այ, շատ լավ ձևակերպեցիք Փաշինյանի քաղաքականությունը, որը որ ստացվի»:
Ի տարբերություն իշխանականների՝ Մամիջանյանը լավատես չէ, կարծում է՝ բանակցություններն այս պահին փակուղում են։
Իսկ ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ընդհանրապես կարծում է՝ խաղաղության օրակարգն է կեղծ։
«Մարտական գործողություններն, այս նույն շրջապատումը նշանակում է, որ խաղաղության օրակարգը կեղծ է, իշխանությունները կուրորեն գնում և մտնում են այդ կեղծ օրակարգի մեջ, նույնիսկ վախենալով ասել, որ Արցախը ինքնորոշվել է, և Արցախն այս պայմաններում Ադրբեջանի կազմում ապրելու որևիցե մի հնարավորություն չունի», - շեշտեց Օհանյանը:
Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը թվիթերյան գրառում արեց, թե Փաշինյանի հետ խոսել է Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղ քննարկումները վերսկսելու քայլերի մասին։ Պետքարտուղարության խոսնակն էլ հայտարարեց՝ առաջիկա օրերին նաև Բլինքեն-Ալիև զրույց կլինի։
«Վերջին ժամանակներում մենք տեսել ենք հետընթաց, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Մենք ցանկանում ենք, որ կառուցողական երկխոսությունը վերականգնվի: Մենք պատրաստ ենք երկկողմ համագործակցության», - նշեց նա։
Հաշվի առնելով ամերիկյան կողմի վերջին հայտարարություններն՝ արդյոք արտգործնախարարների հանդիպում է նախապատրաստվում։ Եթե այո, ի՞նչ ժամկետներում ու որտե՞ղ։ Մինչև այժմ Միացյալ Նահանգներն այդ պաշտոնյաների հանդիպումների համար է միջնորդ դարձել։ Արտգործնախարարությունից «Ազատությանը» միայն ասացին՝ նախարարի հանդիպումների մասին նախապես տեղեկացնում են։