Մատչելիության հղումներ

Աշխարհահռչակ իրանցի կինոբեմադրիչ Փանահին բանտում հացադուլ է հայտարարել


Կինոբեմադրիչ Ջաֆար Փանահին, արխիվ
Կինոբեմադրիչ Ջաֆար Փանահին, արխիվ

Իրանում վեց տարվա ազատազրկման դատապարտված աշխարհահռչակ կինոբեմադրիչ Ջաֆար Փանահին Թեհրանի Էվինի շրջանում գտնվող բանտում հացադուլ է հայտարարել:

Արվեստագետը բողոքի ակցիա է սկսել այն բանից հետո, երբ իշխանությունները մերժել են մինչև գործի նոր քննությունը նրան գրավի դիմաց ժամանակավոր ազատություն տալու դիմումը:

Հացադուլ հայտարարելու որոշման մասին Ջաֆար Փանահին տեղեկացրել է տիկնոջը՝ Թահերե Սաեդիին:

Անցյալ տարվա մայիսին Փանահին ի թիվս ավելի քան 300 իրանցի անվանի մտավորականների և արվեստի գործիչների ստորագրել է բաց նամակ, որով դատապարտվել են բռնաճնշումները խոսքի և ստեղծագործելու ազատության դեմ:

Փանահին իր աշխատանքի ընթացքում վաստակել է Բեռլինի և Կաննի փառատոների մրցանակները, ստացել է Լոկարնոյի կինոփառատոնի «Ոսկե ընձառյուծ» և Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակները:

Կինոաշխարհում բարձր գնահատական են ստացել, մասնավորապես, «Հայելին», «Շրջան», «Բոսորագույն ոսկի», «Սպիտակ գունդ», «Տաքսի», «Երեք դեմք» ֆիլմերը:

XS
SM
MD
LG