Ադրբեջանցիների կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հռիփսիմե Ավանեսյանի ընտանիքն ավելի քան մեկ ամիս բաժանված էր՝ անչափահաս երեք երեխաները Հայաստանում էին, Հռիփսիմեն, ամուսինն ու յոթ ամսական որդին՝ Արցախում։ Շրջափակման վեցերորդ շաբաթն ընտանիքը վերամիավորվեց։ Կարմիր Խաչի ուղեկցությամբ նրանք երեկ վերադարձան:
«Երկրորդ կարգի հաշմանդամ մայրս էր նրանց մոտ ու քրոջս անչափահաս՝ 13 տարեկան աղջիկը, էս ընթացքում դպրոց էլ չի կարողացել գնալ, որովհետև երեխաներիս պետք է խնամեր», - պատմեց Հռիփսիմեն:
Ընտանիքների միավորման նպատակով Կարմիր խաչը 4 քաղաքացու է փակված միջանցքով երեկ Հայաստան տեղափոխել, մեկին էլ հակառակ ուղղությամբ՝ Երևանից Ստեփանակերտ։ Միջազգային կազմակերպության Արցախի առաքելության խոսնակ Էթերի Մուսայելյանն ասում է՝ պատրաստակամ են շարունակել գործընթացը:
«Մենք շատ ուրախ ենք, որ նման վերամիավորում տեղի կունենա այսօր այս մարդկանց համար և մնում ենք պատրաստակամ աջակցելու այլ ընտանիքների անդամներին, որոնք գտնվում են նույն վիճակում», - նշեց Մուսայելյանը:
Արցախի շրջափակման 41-րդ օրն է. Ստեփանակերտն այսօրվանից անցնում է հոսանքի հովհարային անջատումների նոր ռեժիմի՝ քաղաքացիները օրական երկու անգամ երեք ժամ տևողությամբ էլեկտրաէներգիա չեն ունենա։ Անջատումների ժամանակացույցը պարբերաբար թարմացվում է։
Էներգիայի խնայողական ռեժիմին Արցախում անցան 11 օր առաջ, երբ վթարվեց Հայաստանից մտնող հոսանքի գիծը, Ստեփանակերտի հաղորդմամբ, ադրբեջանական կողմը չի թողնում այն վերանորոգել։
«Շատ դժվար ա, մի կերպ հասցնում ենք, խանութները դատարկ, երեխաները ոչ մի բան չեն տեսնում, չեն ուտում այն, ինչ որ պետք է ուտեն», - ասաց արցախցիներից մեկը:
Երեկվանից Արցախում սկսվեց կտրոններով ապրանքների տրամադրումը։ Յուրաքանչյուր անձի հաշվով քաղաքացիները մեկական կիլոգրամ հնդկաձավար, մակարոնեղեն, բրինձ, շաքարավազ ու ձեթ են վերցնում մեկ ամսվա համար։
Թումանյանների բազմազավակ ընտանիքը հասանելիքն արդեն վերցրել է. պետք է բավարարվեն եղածով, հետոյի մասին խոսել անգամ չեն ուզում. - «Ապրուստը շատ դժվար ա, էսօրվա դրությամբ երեխաներ են, գալիս են՝ մանդարին չկա՞, խնձոր չկա՞»:
Միրգ ու բանջարեղեն Արցախում շրջափակման սկզբից չի ճարվում, ռուս խաղաղապահները երբեմն իրենց ոչ պաշտոնական տելեգրամյան ալիքում տեսանյութեր են տարածում, թե ինչպես են սննդամթերքի տոպրակներ բաժանում, դրանցում երբեմն մրգեր էլ են նշմարվում։
Շրջափակման ընթացքում Արցախում արդեն երեք անգամ խափանվել է նաև գազամատակարարումը։ Երեկ հաղորդվեց, որ կապույտ վառելիքի մատակարարումը մասնակիորեն վերականգնվել է, սակայն ցածր ճնշումով։
Ջեռուցման բացակայության պատճառով չեն գործում Արցախի բոլոր դպրոցները, շուրջ 20 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից:
Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր ևս 6 հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան։ Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ շրջափակման վեց շաբաթների ընթացքում կազմակերպության մեքենաներով 42 քաղաքացի է Հայաստան եկել։
Ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, թե Լաչինի միջանցքի ակցիան բնապահպանական է ու ճանապարհն էլ բաց է, միջանցքով, սակայն, դեռևս անցել են միայն Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների ավտոմեքենաները։
Շրջափակման հետևանքներն այսօր քննարկել են Արցախի խորհրդարանում, հաղորդվում է, որ մինչ հունվարի 25-ը սոցիալական լարվածությունը մեղմացնելու միջոցառումների ցանկ են մշակելու, քաղաքացիները զբաղվածության խնդիր ունեն նաև։ Ստեփանակերտը հայտարարում է՝ ավելի քան 700 գործատու աշխատակիցներին գործով ապահովել չի կարողանում, առնվազն 4,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։