Արցախից տարբեր ախտորոշումներով վեց հիվանդներ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր բժշկական կենտրոններ, հայտնում է տեղեկատվական շտաբը։
Մինչ այսօր ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 55 հիվանդ։
Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 12 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են, փոխանցում է Առողջապահության նախարարությունը։
Արցախում հումանիտար ճգնաժամն օրեցօր սրվում է։ Մթերքի հիմնական տեսակները կտրոնով են վաճառվում, դեղորայքի պակաս կա։ Հոսանքը օրական մի քանի ժամ է հասանելի։ Դպրոցներն ու մանկապարտեզները փակ են։
Գազամատակարարումը պարբերաբար անջատվում և վերականգնվում է։