Մատչելիության հղումներ

Միրզոյանը Բրյուսելում Մըքալիսթերին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները


Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգորխնախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մըքալիսթերի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունության հարցեր, ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները:

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ ընդգծվել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտումների ենթարկել Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչությանը:

Ինչպես հաղորդաագրությունում է նշվում, Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշման ավելացման անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխարգելելու նպատակով, այս համատեքստում կարևորելով հունվարի 18-19-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունված՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հրատապ բանաձևում և «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույցում» արտահայտված սկզբունքային դիրքորոշումները, որոնք օբյեկտիվորեն արտացոլում են տարածաշրջանում ստեղծված իրադրությունը:

Եվրոպական խորհրդարանն անցած շաբաթ բանաձև ընդունեց, որով Ադրբեջանին կոչ արեց անհապաղ բացել Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը և կանխել մարդասիրական աղետը: Բանաձևով եվրոպացի պատգամավորները նաև դատապարտեցին ռուս խաղաղապահների անգործությունը, ՄԱԿ-ին կամ ԵԱՀԿ-ին կոչ արեցին փաստահավաք առաքելություն գործուղել Լաչինի միջանցք և հորդորեցին կողմերին Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա վերսկսել խաղաղության բանակցությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

Արարատ Միրզոյանը և Դեյվիդ Մըքալիսթերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի և դրա ընդլայնման հեռանկարներին։ Բարձր է գնահատվել նաև դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ մշտադիտարկման առաքելության աշխատանքը։

Եվրամիության 40 հոգանոց անզեն առաքելությունը տեղակայվել էր Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին՝ հոկտեմբերին սկզբին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո։ Դեկտեմբերի 19-ին ԵՄ մշտադիտարկման առաքելությունն ավարտեց իր աշխատանքը։ Առաքելության նպատակն էր դիտարկել, վերլուծել և Բրյուսելին տեղեկացնել տեղում տիրող իրավիճակը։ Ավելի ուշ Եվրամիությունը հայտարարեց, որ մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ`առնվազն երկու տարով: Թե կոնկրետ քանի դիտորդ է ժամանելու, պաշտոնապես դեռ չի հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG