Մատչելիության հղումներ

Քաղաքագետը չի տեսնում միջազգային որևէ հարթակ, որը կունենա բավականաչափ կշիռ՝ տարածաշրջանում խաղաղապահներ տեղակայելու համար


«Միջազգային որևէ հարթակ, որը որ անկախ Ադրբեջանի կամքից կունենա մանդատ կամ կշիռ բավականաչափ՝ տարածաշրջանում խաղաղապահ կոնտինգենտ բացազատելու համար, ես չեմ տեսնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արեգ Քոչինյանը։

Եվրոպական խորհրդարանն անցած շաբաթ բանաձև ընդունեց, որով Ադրբեջանին կոչ արեց անհապաղ բացել Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը և կանխել մարդասիրական աղետը: Բանաձևով եվրոպացի պատգամավորները նաև դատապարտեցին ռուս խաղաղապահների անգործությունը, ՄԱԿ-ին կամ ԵԱՀԿ-ին կոչ արեցին փաստահավաք առաքելություն գործուղել Լաչինի միջանցք և հորդորեցին կողմերին Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա վերսկսել խաղաղության բանակցությունները:

Ընդգծելով, որ ԵԱՀԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսային, այսինքն՝ բոլորը կողմ ձևաչափով՝ Քոչինյանը նկատեց՝ ԵԱՀԿ անդամ առնվազն երեք երկիր դեմ են լինելու այդ որոշմանը՝ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը։

«Ես կարծում եմ, որ ավելի տեղին կլիներ խոսել Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի մանդատի մասին, բայց այստեղ էլ, ցավոք սրտի, խնդիր կա, այստեղ էլ կա Ռուսաստանի խնդիրը, որը որ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ է և ցանկացած պարագայում կարող է կիրառել վետո», - ասաց քաղաքական վերլուծաբանը՝ շարունակելով․ - «Տարբերակը մնում է այն, որ հավաքական Արևմուտքը կարողանա բավականաչափ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը համաձայնվի որոշակի կոմպրոմիսային տարբերակի այդ խաղաղարար կամ որևէ այլ կոնտինգենտի, որովհետև պարտադիր չէ, որ դա կոչվի խաղաղարար կոնտինգենտ, որևէ կոնտինգենտի ներկայության, ինչը, ըստ էության, վաշինգտոնյան բանակցային գործընթացի մեջ, ինչպես դա մի անգամ, եթե ես չեմ սխալվում, անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, միջազգային մեխանիզմ՝ Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների երաշխավորելու միջազգային մեխանիզմի հնարավոր տարբերակներից մեկը կարող է լինել»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG