Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը կարծես թե խճճվել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ իր խոսույթում. Միրզոյան


Ադրբեջանական կողմը կարծես թե խճճվել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ իր խոսույթում, «Արմենպրեսի» հետ զրույցում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Ադրբեջանը հաճախ պնդում է, որ միջանցքը փակ չէ, ապա ասում, որ միջանցքի արգելափակումը բնապահպանական պատճառներ ունի, ապա, երբ հայտարարվեց, որ խնդրո առարկա ներկայացվող հանքը դադարեցրել է իր գործունեությունը, որպես էկոակտիվիստներ հանդես եկող անձինք պահանջեցին ստուգել միջանցքով անցնող Կարմիր Խաչի մեքենաները և մարդասիրական բեռները, ապա դիմակավորված ներխուժեցին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տուն՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձող երեխաների փոխադրամիջոցը և ահաբեկեցին երեխաներին», - ասել է նախարարը՝ հավելելով, որ այժմ ադրբեջանական կողմն իր այդ գործողությունները պատճառաբանում է ականների տեղափոխմամբ: Միրզոյանը դա մտացածին է անվանել:

Հայաստանն ականապատում իրականացրել է միայն ՀՀ ինքնիշխան տարածքում և դա արել է զուտ ինքնապաշտպանական նպատակներով, քանի որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի է ենթարկվել, շարունակել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ըստ նրա՝ հիմա էլ Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի վտանգը շարունակում է մնալ բարձր:

«Այն ականները, որոնք քարոզչական նպատակներով ի ցույց է դնում ադրբեջանական կողմը և հայտարարում, թե դրանք 2021թ. արտադրության են ու Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել վերջերս, իրականում Ադրբեջանի մոտ են հայտնվել 2021-2022թթ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացված ՀՀ տարածքից», - ասել է նախարար Միրզոյանը:

Վերջին շրջանում Ադրբեջանը Լաչինի միջանցքի փակումը սկսել է հիմնավորել Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ «զինամթերքի, մասնավորապես ականների տեղափոխմամբ»: Իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ասուլիսում հայտարարել էր, որ ադրբեջանական կողմն իրենց է փոխանցել դրա վերաբերյալ տվյալներ, որոնք իրենք ուսումնասիրում են:

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովն ասյօր լրագրողների հետ զրույցում պնդել է, թե Ադրբեջանը պարտավորվել է ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկությունը, բայց «դրանով զինամթերքի և ականների փոխադրումն անընդունելի է»:

Այսօր էկոակտիվիստներ ներկայացող ադրբեջանցիների «բողոքի» ակցիայի 40-րդ օրն է: Այս ընթացքում Արցախում խափանվել է գազամատակարարումը, էլեկտրականությունն ընդհատումներով է ապահովվում, առաջացել է պարենի, դեղարայքի և անհրաժեշտ այլ պարագաների խիստ պակաս:

Նախարարը հարցազրույցում հավելել է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամն արդեն մոտենում է հումանիտար աղետի, և միջանցքի անհապաղ չվերագործարկման պարագայում այստեղ միջազգային հանրության, այդ թվում և առաջին հերթին ՄԱԿ-ի մարդասիրական միջամտության ծայրահեղ անհրաժեշտություն կա:

XS
SM
MD
LG