Մատչելիության հղումներ

Գնդակն այժմ Ադրբեջանի դաշտում է. ԱԳ նախարարը՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների մասին


Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ բանակցությունները երբեք չի դադարեցրել, «Արմենպրեսի» հետ զրույցում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Անկախ Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի գործողություններից և մոսկովյան հանդիպման հետաձգումից՝ մենք ավելի քան մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմին ենք փոխանցել պայմանագրի նախագծի վերաբերյալ մեր նոր առաջարկները և դրանց հիմնավորումները, բայց դեռևս արձագանք չենք ստացել: Այսպիսով, գնդակն այժմ Ադրբեջանի դաշտում է», - նշել է նախարարը:

Պաշտոնական Բաքուն օրերս հայտարարեց, որ պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ՝ հիմնված հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունքների վրա և ակնկալում է Հայաստանի համաձայնությունը՝ այդ տեքստը համաձայնեցնելու նպատակով հանդիպում անցկացնելու համար:

Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Հայաստանը կառուցողական և բարեխիղճ մոտեցում է ցուցաբերում բանակցային գործընթացին, քանի որ իր վերջնանպատակը տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումն է, հարցազրույցում շեշտել է Արարատ Միրզոյանը:

«Մենք նաև ականջալուր ենք միջազգային հանրության հորդորներին և պատրաստ ենք ավելի ինտենսիվ բանակցել», - ասել է նա:

Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն այսօր նշել է, որ խաղաղության օրակարգի առաջմղումը միշտ եղել է Ադրբեջանի նախաձեռնությունը, և իրենց «բոլոր հիմնարար սկզբունքները ներկայացված են Հայաստանին»։

XS
SM
MD
LG