Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ եռակողմ հանդիպում անցկացնելու Բաքվի պատրաստակամության մասին։
«Մենք պատրաստ ենք որքան հնարավոր է շուտ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետաձգված եռակողմ հանդիպումը»,- այսօր լրագրողներին ասել է Բայրամովը՝ հավելելով, որ «այժմ ամեն ինչ կախված է հակառակ կողմից»։
Հայկական կողմը խնդրել էր հետաձգել Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ պարզաբանելով, որ այս պահին Արարատ Միրզոյանի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:
Բայրամովն այսօր ասել է, որ խաղաղության օրակարգի առաջմղումը միշտ եղել է Ադրբեջանի նախաձեռնությունը, «և մեր բոլոր հիմնարար սկզբունքները ներկայացված են Հայաստանին»։
Անդրադառնալով Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակին՝ նա ասել է, թե դրանով ականներ, զենք ու զինամթերք տեղափոխելն անթույլատրելի է։