Մատչելիության հղումներ

Երևանին չի հաջողվի անվերջ խուսափել Լաչինի միջանցքի հարցով Բաքվի հետ բանակցություններից․ քաղաքագետ


Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ ավելի խելամիտ կլիներ, որ Երևանը մասնակցեր Լաչինի միջանցքի բացման հարցով Բաքվի հետ բանակցություններին և նշեր, որ Հայաստանի համար կան կարմիր գծեր, և այդ կարմիր գծերը որևէ պարագայում չեն խախտվելու։

Գրիգորյանը վստահ է՝ անվերջ բանակցություններից խուսափել Երևանին չի հաջողվելու։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օրերս հայտարարեց, որ Հայաստանը չի ներգրավվելու Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին։ Արցախի իշխանությունները Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու և ուղիղ խոսելու հնարավորություն ունեն և հենց իրենք են զբաղվում խնդրով, իսկ Հայաստանը սատար կկանգնի Արցախի յուրաքանչյուր որոշման, ասաց Սիմոնյանը։

Քաղաքագետի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Ձեզ համար ընկալելի՞ է Երևանի դիրքորոշումն՝ այս հարցով բանակցություններին չմասնակցել, որովհետև դա է ուզում Ադրբեջանը։

Գրիգորյան․ - Երևանում կա ընկալում, որ Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից Հայաստանից ինչ-որ զիջումներ այլ օրակարգերից կորզելու համար և, այո, դա է պատճառներից մեկը, թե ինչու Երևանը փորձում է դիստանցավորվել այդ հարցից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահն արդեն ուղիղ տեքստով են դրա մասին խոսում։ Ինձ համար դա հասկանալի չէ, որովհետև այնուամենայնիվ անվերջ բանակցություններից խուսափել չի հաջողվելու։ Այս թեմայով չես բանակցելու իրենց հետ, մեկ այլ թեմայով ես բանակցելու և նույն պահանջները լինելու են։ Այսինքն՝ հնարավոր չէ խուսափել այդ պահանջներից։ Ավելի խելամիտ կլիներ գնալ, մասնակցել այդ բանակցություններին և նշել, որ մեզ համար, օրինակ, կան կարմիր գծեր և մեզ համար որևէ պարագայում այդ կարմիր գծերը չենք խախտելու։ Իսկ այն փաստարկները, որոնք բերվում են, որ Արցախի իշխանությունները պետք է բանակցեն, Արցախի իշխանությունների հետ քաղաքական մակարդակով ո՞վ պետք է բանակցություններ վարի՝ Բաքո՞ւն, թե՞ Մոսկվան։ Պարզ է, որ Արցախի իշխանությունների մաքսիմումը դա խաղաղապահ առաքելության հրամանատարության հետ ինչ-որ կապերն են, իսկ այս հարցը, պարզ է, որ լուծվում է քաղաքական մակարդակով, այլ ոչ թե խաղաղապահների մակարդակով։

«Ազատություն»․ - Պարզապես, եռակողմ հայտարարությունում կոնկրետ Լաչինի վերաբերյալ Հայաստանի մասին ոչինչ հիշատակված չէ։

Գրիգորյան․ - Իսկ այդ եռակողմ հայտարարության տակ ո՞ւմ ստորագրությունն է դրված, այսինքն՝ խաղաղապահներն ո՞ւմ ստորագրության շնորհիվ են նաև հայտնվել Լաչինի միջանցքում, Նիկոլ Փաշինյանի ստորագրության շնորհիվ, և վերցնել ինչ-որ մի կետ այդպիսի մեկնաբանություն տալ կոնկրետ մեկ կետի վերաբերյալ՝ անտեսելով ողջ հայտարարությունը, դա, կարծում եմ, այդքան էլ լուրջ մոտեցում չէ։

«Ազատություն»․ - Երբ Ալիևն ասում է՝ «23-ին կստորագրեք խաղաղության պայմանագիրը, չէ, ուշ կլինի»՝ հիշեցնելով մոտալուտ 25 թվականը, նա նկատի ունի՞, որ դուրս է հանելու խաղաղապահներին Ղարաբաղից։

Գրիգորյան․ - Նմանատիպ նպատակներ, կարծում եմ, Ադրբեջանն ունի։ Ամեն ինչ կախված է լինելու, իհարկե, Ռուսաստանի վիճակից, եթե Ռուսաստանն այնքան թուլացած լինի, որ Ադրբեջանը կարողանա ոչ միայն նմանատիպ պահանջ դնել, այլև հասնել այդ պահանջի կատարմանը, այո՛, որևէ կասկած չկա, որ 25 թվականին նմանատիպ պահանջ դրվելու է։

«Ազատություն»․ - Դրա հետևանքներն աղետալի չեն լինելո՞ւ հայկական կողմի համար։

Գրիոգրայան․ - Այո՛, կարծում եմ՝ աղետալի են լինելու․ ռուս խաղաղապահների հետ Արցախի բնակչությունն էլ, ամենայն հավանականությամբ, դուրս է գալու Լեռնային Ղարաբաղից։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG