Մատչելիության հղումներ

Դա հոգեբանական տեռոր է, հոգեբանական խոշտանգում՝ անպայման վնասելու մտադրությամբ. երեխաների իրավունքների փորձագետ


Միրա Անտոնյան, երեխաների իրավունքների փորձագետ
Միրա Անտոնյան, երեխաների իրավունքների փորձագետ

Այն, ինչ ճանապարհին տեղի ունեցավ, այնպիսի հետք է թողել Լաչինի միջանցքն անցած երեխաների վրա, որ նրանցից քչերն են համաձայնում խոսել։

«Երբ կանգնեցինք, նրանք սկսեցին բղավել... մենք էդ ժամանակ էլ վախեցանք։ Հետո մի պահ որ բղավոցները դադարեց, նրանք մտան արդեն ավտոբուս», - պատմում է 13-ամյա Աստղիկը։

Եվս 18 արցախցի երեխաների հետ նա այն զինվորական «Ուրալ»-ում էր, որ երեկ երեկոյան ճանապարհվել էր դեպի Ստեփանակերտ։ Երևան Եվրատեսիլի մրցույթը դիտելու ու Դիլիջան ռոբոտաշինության դասընթացի համար եկած արցախցիները 37 օր տնից, ծնողներից կտրված՝ մնացել էին Գորիսում։ Հիմա երեխաները տանն են, կարոտի ու գրկախառնությունների սիրուն տեսարաններ են տարածվում համացանցում։

Այն, ինչ ճանապարհին տեղի ունեցավ, այնպիսի հետք է թողել Լաչինի միջանցքն անցած երեխաների վրա, որ նրանցից քչերն են համաձայնում խոսել։ Մեքենաներն ադրբեջանցիները կանգնեցրել, ժամերով սպասեցրել , ապա փակ դեմքերով մտել են ներս ու նկարահանում արել։

«Շուշիից մի քիչ վերև մի ժամ, ժամուկես այնտեղ սպասեցինք, հետո արդեն մոտեցանք էկոակտիվիստների մոտ։ Այնտեղ նրանք գոռում էին և փորձում էին մտնել մեքենաները», - պատմում է Աստղիկը։

Նկարահանումը իրենց բնապահպան անվանող ադրբեանցիների կուտակման հատվածում է եղել, Աստղիկն ասում է՝ շատ բան չէինք հասկանում , մեքենայից տեսանելի չէր։ Հետո, երբ ադրբեջանցիները ներս են մտել, իրենք հավաքվել են «Ուրալ»-ի հետնամասում. - «Վախեցած էինք, մենք հետ անցանք... ուշադիր չենք նայել, վախեցած էինք»։

Աստղիկենց «Ուրալ»-ից 20-ամյա մի աղջիկ, Ստեփանակերտի քոլեջի ուսանողուհի, ուշաթափվել է։ Երեխաներին Երևան ապա շուրջ 40 օր անց հետ՝ Արցախ ուղեկցած Արցախի կրթության նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանն ասում է՝ տագնապին վախին գումարվեց այն, որ հնարավոր է այդպես էլ Ստեփանակերտ չհասնենք. - «Աղջիկներից մեկը վատացավ... հուզվեց, վատացավ։ Դե բնական է... Տղաները առնական են, միշտ դիմակայում են։ Բայց հետո աղջիկները իսկույն սթափվեցին, միանգամից ինձ դիմեցին՝ տիկին Գյանջումյան, մենք ուժեղ ենք, չէ՞։ Ասացի՝ երեխաներ, ամենուժեղը դուք եք»։

Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ երեկոյից ակտիվ տարածում են տեսանյութեր, թե ինչպես են արցախցի երեխաները տուն վերադառնում «բաց ճանապարհով», իսկ թե ինչու են այդ կադրերում մարդիկ շփոթահար կամ դեմքերը փակած, կամ ուղղակի կռացած ՝ բացատրություն չկա։

Աիդա Գյանջումյանն ասում է՝ իրենց մեքենայում ամենափոքրը տասնամյա մի երեխա էր։ Մեծ մասը աղջիկներ էին, մյուս «Ուրալ»-ում տղաներն էին գերակշռում։ Ադրբեջանական տեսանյութերում ավելի շատ այդ մի մեքենան է։ Գյանջումյանը պնդում է՝ խաղաղապահները շատ արագ են մեկուսացրել դեմքերը փակած ադրբեջանցի տեսախցիկավորներին. - «Երբ նկատել են ռուսները, իսկույն եկել են, նրանց հրել դուրս ու փակել դուռը»։

Ռուսական տելեգրամյան ալիքներն էլ են տեսանյութ տարածել, թե ինչպես են ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքով ադրբեջանցիների շղթան ճեղքում ու տուն հասցնում արցախցի երեխաներին։ Տեսաշարն ուղեկցվում է դրամատիկ երաժշտությամբ, բայց բուն դրամայի մասին ոչինչ չկա։

Բացի ներխուժումից, ադրբեջանցիները հայ երեխաների մեքենաները ճանապարհել են բղավոցներով կամ ճիչերով ՝ երեխաները ճիշտ բառը չեն գտնում։

«Դա հոգեբանական տեռոր ա, հոգեբանական խոշտանգում՝ անպայման վնասելու մտադրությամբ, ինչը անթույլատրելի է, անմարդկային է», - ասում է երեխաների իրավունքների փորձագետ Միրա Անտոնյանը։

Նրա դիտարկմամբ, այն, ինչ երեկ տեղի ունեցավ, աննախադեպ է։ Ասում է, որ երեկ իր ռուս և ուկրաինացի գործընկերների հետ է խոսել. պատերազմական ակտիվ գոտուց անգամ երեխաները տարհանվում են առանց նման ահաբեկչական մթնոլորտի. - «Եթե նույնիսկ կան աշխարհում նման օրինակներ, դուք կտեսնեք երեխայի պաշտպանությանը վերաբերող դասագրքերում որպես ամենաարգահատելի, ամենաանթույլատրելի դրվագներից մեկը»։

Ըստ փորձագետ Անտոնյանի, խախտվել են միջազգային կոնվենցիաներ, որոնց Ադրբեջանն էլ է միացել, և ընդհանրապես, ասում է, քաղաքակիրթ պետություն լինելու ցուցանիշը հենց երեխայի հանդեպ վերաբերմունքն է;

Երեխաներին ահաբեկելու ադրբեջանական առաջին փորձը չէ սա. 2021-ին Գորիս - Կապան ճանապարհին նրանք դիմակավորված կանգնեցրել էին Արցախի պատանեկան ֆուտբոլի թիմի մեքենան, գոռգոռացել, թե Ղարաբաղն Ադրբեջան է, հանել դանակներն ու մեքենայի վրայից քերել Արցախի դրոշը։

«Դա անողները վստահ էին, որ դրանով անշուշտ ցավացնում են, անշուշտ նսեմացնում են, նեղում են։ Բայց նաև հասկանում են, որ դրա փոխարեն մեծանում ա ցասումը, դրա փոխարեն մեծանում ա ճանապարհ չտեսնելու, լույս չտեսնելու հնարավորությունը... գուցե է՞տ ա նպատակը»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG