Երեք նուռ, գինով լի բաժակներ և վարդեր Կոմիտասի անվան պանթեոնում գտնվող Սերգեյ Փարաջանովի շիրիմին, որի մոտ ամեն տարի հունվարի 9-ին նրա տուն-թանգարանի նախաձեռնությամբ հավաքվում են նրա արվեստի երկրպագուները և նշում մեծ արվեստագետի ծննդյան օրը։
Այսօր նշվում է նրա ծննդյան 99-րդ տարեդարձը։ Հետո բոլորը միասին գնում են Փարաջանովի տուն-թանգարան և մասնակցում թանգարանի կողմից կազմակերպված հյուրասիրությանը՝ վայելելով Փարաջանովի ամենասիրած կերակրատեսակը՝ ավանդական հարիսան։
Թանգարանի աշխատակցուհիներից Լուսինե Գևորգյանը շեշտում էր, որ այս ավանդույթը թանգարանի հիմնադրման օրից ձևավորել է թանգարանի հիմնադիր տնօրեն երջանկահիշատակ Զավեն Սարգսյան. - «Նա գեղեցիկի ասպետ էր, նա գովերգում էր գեղեցիկը, ամեն ինչում էր տեսնում գեղեցիկը։ Ամեն ինչում՝ նրա կոլաժները, նրա ֆիլմերը։ Կոլաժները, որոնք պատրաստված են գրեթե աղբից, ոչնչից, բայց գեղեցիկ են։ Ինքը գովերգում էր այդ գեղեցկությունը, ինքը փրկում էր այն գեղեցկությունը, որը պիտի փրկի հետո աշխարհը»։
Անվանի ռեժիսոր Ռուբեն Բաբայանի համոզմամբ. - «Սոլիստ էր իր էությամբ, չկրկնվող։ Նույնիսկ այնքան էր առանձնահատուկ, որ իրականում աշակերտ էլ չթողեց, հնարավոր չէր պարզապես։ Աստղ էր։ Երջանիկ պիտի լինենք, որ նման արվեստագետ ենք ունեցել»։
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանի խոսքով. - «Մենք պարտք ունենք Փարաջանովին։ Բոլորս մեղավոր ենք։ Անխտիր, մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ քիչ։ Ի՞նչ էր ուզում էդ մարդը ի վերջո։ Ո՞վ չստեղծեց պայման, որ նա «Արա Գեղեցիկը» նկարեր, որ նա «Սասունցի Դավիթը» նկարեր։ Նրա հսկայական, տիեզերական շնորհի մի փշրանքը օգտագործվեց հայ մշակույթի համար։ Ինչո՞ւ։ Մինչև ե՞րբ պիտի մենք չհասկանանք, որ տաղանդը ազգային հարստություն է, որ պիտի պահպանել, փայփայել, սիրել իր կենդանության օրոք։ Մեռնելուց հետո արձանը եղած, չեղած՝ մի հաշիվ է։ Չտվեցինք էդ հնարավորությունը։ Ողորմի Լուսինե Զաքարյանին և Խորեն Պալյանին, որոնց միջոցով ես գնացի, Փարաջանովի խնդրանքով Վազգեն կաթողիկոսի մոտ, և նա թույլ տվեց, որ Փարաջանովը գա և նկարի «Գանձեր Արարատ լեռան փեշին», որից հետո միայն «Հայֆիլմի» Ֆրունզե Դովլաթյանը պայմանագիր կնքեց Փարաջանովի հետ, որ պիտի նկարահաներ «Խոստովանանք» ֆիլմը։ Մի քանի կադրերից հետո մահացավ։ Արդեն վերջ, ուշացանք»։
Փարաջանովի տուն-թանգարանը ողջ տարվա ընթացքում հանդես է գալու ուշագրավ նախաձեռնություններով։ «Ազատության» հետ զրույցում թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանն ասաց. - «99 տարեկան և 66։ 66 տարեկանում մահացել է Փարաջանովը։ Ու էդ երկու թվերը էնքան հետաքրքիր եկան... Այդպիսի մի շատ լավ պրոյեկտ ունենք, որը պետք է կյանքի կոչենք այս տարի։ Բնականաբար, ունենք տարվա կտրվածքով տարբեր միջոցառումներ՝ սկսած դպրոցահասակ երեխաների համար, մեծահասակների համար։ Այս տարի մեր թանգարանում կյանքի կկոչվի դեռևս 2018 թվականից այսպես ասած՝ կյանքի արմատները գցած թատերական ներկայացումը, որը հենց փարաջանովյան մոտիվներով է։ Բնականաբար, ցուցահանդեսներ կլինեն։ Մենք այս տարվանից նախապատրաստվում ենք հաջորդ տարվա հոբելյանին։ Կինոկենտրոնի, մշակույթի նախարարության հետ մենք ծրագրերի մի ամբողջական փաթեթ պիտի ստեղծենք, արդեն իսկ ՅՈւՆԵՍԿՕ հայտ ուղարկվել է, որպեսզի 2024 թվականը հայտարարվի Սերգեյ Փարաջանովի տարի։ Բնականաբար, դրան հաջորդիվ արդեն կունենանք համապատասխան միջոցառումները, ծրագրերը, ցուցահանդեսները, ֆիլմ դիտումները, քննարկումները։ Չենք սահմանափակվի միայն Հայաստանի Հանրապետության տարածքով, արդեն այստեղ ես հույս ունեմ, որ աշխարհի լավագույն թանգարաններում մեր թանգարանային հավաքածուները կներկայացվեն, աշխարհի լավագույն կինոկենտրոններում Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը կցուցադրվեն»։