Մատչելիության հղումներ

Մոնտե Կառլոյում Արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր


Սերգեյ Փարաջանովը, արխիվ
Սերգեյ Փարաջանովը, արխիվ

Մարտի 11-ից Մոնտե Կառլոյում մեկնարկել է Արվեստի միջազգային ամենամյա փառատոնը, որի շրջանակներում մարտի 23-25-ը կանցկացվեն Հայկական մշակույթի օրեր։ Փառատոնին մասնակից ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծում էր, որ այս փառատոնն ամենակարևոր մշակութային երևույթն է Մոնտե Կառլոյում՝ հավելելով, որ այս տարի այդ փառատոնի տնօրենն է նախկինում Փարիզի կոնսերվատորիան 10 տարի ղեկավարած անվանի երաժիշտ Բրունո Մանտովանին, որի ջանքերի շնորհիվ էլ առաջին անգամ այս փառատոնի ընթացքում կներկայացվի նաև հայկական արվեստն ու մշակույթը։

Մոնտե Կառլոյում փառատոնի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների կամերային, սիմֆոնիկ, վոկալ ստեղծագործություններ, տեղի կունենա նաև Միշել Պետրոսյանի և հայ ժամանակակից մեկ այլ կոմպոզիտորի՝ Արամ Հովհաննիսյանի հեղինակած- բալետի պրեմիերան։ Բալետը բեմադրել է ֆրանսահայ բալետմեյստեր Միշել Հալե Եղայանը։ Հայկական մշակույթի օրերին հանդես կգա նաև «Գյուրջիև» անսամբը՝ Լևոն Էսկենյանի ղեկավարությամբ, մեծանուն Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսը կբացվի, կցուցադրվի նաև նրա «Նռան գույնը» ֆիլմը։

«Ինձ թվում է՝ երբեք չի եղել այսպիսի կենտրոնացում հայկական թեմայի վրա, իհարկե, անցյալ տարվա իրադարձությունները դեր են ունեցել անշուշտ: Մենք Բրունոյի հետ մամուլի ասուլիս արեցինք Փարիզում, Բրունոն շեշտում էր այն փաստը, որ Հայաստանը այդքան փոքր լինելով մշակութային այնպիսի բազմազանություն ունի, որ այս դրամատիկ բաները, որ տեղի ունեցան շեշտադրում են՝ ինչքան կարևոր է հայկական մշակույթը և ոչ այնքան ճանաչված: Երևի առաջին անգամ Եվրոպայի պատմության մեջ Փարաջանովին այսպիսի տեղ պետք է տրվի, եթե դուք հիմա մտնեք Մոնակո չեք կարող Փարաջանովից խուսափել, ամեն տեղ փակցված է իր կոլաժների նկարը, իր ֆոտոն», - ներկայացրեց Միշել Պետրոսյանը:

«Գյուրջիև» անսամբլի գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանն ընդգծում էր, որ իրենք շատ միջազգային փառատոնների են մասնակցել. «Բայց սա առաջին դեպքն էր, որ մի քանի օրվա մեջ խտացված հայկական մշակույթի օրեր են և բազմազան ծրագրով ու բազմակողմանի ներկայանում է: Ես պետք է ասեմ՝ Փարաջանովի ֆիլմի ցուցադրումը մեր համերգից առաջ իսկական այն միջավայրն է, որ կարող է պատրաստել ունկնդրին ընկալելու երաժշտությունը: Ես հուսով եմ՝ ապագայում հաճախակի այսպիսի համադրություններ կլինեն»:

Կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի համոզմամբ՝ շատ կարևոր է հայկական արվեստի բազմազանությունը, որը կներկայացվի փառատոնի ընթացքում։

«Ներկապնակն առաջին հերթին խոսելու է, որ մեր մշակույթն ավելի շատ միտված է դեպի գլոբալ հանդիսատեսը, մենք հաճախ եփվում ենք մեր կաթսայում ու միջոցներ չենք փնտրում խոսելու, հարաբերվելու: Միջոցներ ոչ թե ներկայացման, այլև ինքնարտահայտման միջոցներ: Ես հուսով եմ ու վստահ եմ, որ ստեղծագործությունները սկսած Կոմիտասից ու վերջացրած նաև մեր ստեղծագործությամբ իրենք շփման եզրեր են լինելու միջազգային հանդիսատեսի հետ», - ասաց Հովհաննիսյանը:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG