«Ես կարծում եմ, որ կան ուղիներ, կան միջոցներ և Հայաստանի, և Ռուսաստանի համար այս ճգնաժամը կարգավորելու համար», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում ասաց քաղաքական մեկնաբան Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին ու խնդիրներին:
Ստորև ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Եկեք խոսենք Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի և անվտանգության ռիսկերի մասին, որոնց բախվում են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն այս իրավիճակում:
Ռիչարդ Կիրակոսյան. - Ցավոք սրտի, ներկայիս իրավիճակը շատ ավելի նման է հումանիտար ճգնաժամի՝ այն, ինչ մենք տեսնում ենք, Արցախի միջնադարյան պաշարումն է, այսինքն՝ Ադրբեջանը դա անում է, քանի որ կարողանում է դա անել: Ամենակարևորն այն է, որ սա ոչ միայն մարտահրավեր է Հայաստանին կամ Արցախին, այլ նաև Ադրբեջանի ուղղակի մարտահրավերն է Ռուսաստանին: Ի վերջո, հենց Ռուսաստանն է պարտավոր ապահովել ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչը նաև նշանակում է, որ լուծման մի մասը պետք է ներառի Ռուսաստանի հանձնառությունը՝ լուծելու այս ճգնաժամը:
«Ազատություն». - Եթե խաղաղապահները ցանկանային, ապա միջանցքը բաց կպահեին: Սա հարցեր է առաջացնում տարածքում ենթադրյալ կեղծ էկոակտիվիստների առկայության մասին: Շատերը կարծում են, որ դա կազմակերպել է Մոսկվան Բաքվի հետ համաձայնեցնելով՝ ստիպելու Հայաստանին բացել միջանցքը Սյունիքում, որը ադրբեջանցիներն ու ռուսներն անվանում են «Զանգեզուրի միջանցք»:
Ռիչարդ Կիրակոսյան. - Ես իրականում համաձայն չեմ: Երբ ուշադիր նայում ենք ռուս խաղաղապահներին, նրանք բավականին սահմանափակված են և առաքելությամբ, և մանդատով, նրանք միջանցքը վերաբացելու հնարավորություն և միջոց չունեն:
Վերջին մեկ տարվա ընթացքում մենք նաև տեսանք ռուս խաղաղապահների որակի լուրջ անկում, քանի որ ծառայության են ժամանել ավելի շատ ժամկետային զինծառայողներ, քան պրոֆեսիոնալ զինվորականները: Այսպիսով, թեև Մոսկվան կարող է ունենալ որոշակի մեղսակցություն Բաքվի հետ, ես իսկապես կարծում եմ, որ դա ամոթալի է Ռուսաստանի համար, որի ուշադրությունը շարունակվում է շեղված մնալ Ուկրաինա իր անհաջող ներխուժման հետևանքով: Բայց ես կարծում եմ, որ կան ուղիներ, կան միջոցներ և Հայաստանի, և Ռուսաստանի համար այս ճգնաժամը կարգավորելու համար:
Հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ.