Մատչելիության հղումներ

Վիտալի Բալասանյանն ազատվեց Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից, նշանակվեց Արարատ Մելքումյանը


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Վիտալի Բալասանյանի հետ, Ստեփանակերտ, 2-ը դեկտեմբերի, 2020թ.
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Վիտալի Բալասանյանի հետ, Ստեփանակերտ, 2-ը դեկտեմբերի, 2020թ.

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն այսօր ազատվեց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, նրան կփոխարինի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Արարատ Մելքումյանը։

Ինչո՞ւ 44-օրյա պատերազմից հետո Անվտանգության խորհուրդը ղեկավարող Բալասանյանն ազատվեց պաշտոնից այն պայմաններում, երբ Արցախն արդեն գրեթե մեկ ամիս շրջափակված է ադրբեջանցիների կողմից. այս հարցին թե՛ Արցախի նախագահականից, թե՛ ինքը Բալասանյանը դեռ չեն պատասխանում։

Արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ Բալասանյանը միակ պաշտոնյան էր, որ ադրբեջանական կողմի հետ բանակցում էր այլընտրանքային ճանապարհի կառուցման կամ հումանիտար այլ հարցերի շուրջ։

«Ադրբեջանը փորձում էր այդ բանակցությունները ներկայացնել որպես այսպես կոչված ինտեգրացիայի գործընթաց, բայց քաղաքական որևէ գործընթաց իհարկե չկար: Եվ այդ առումով, ամենայն հավանականությամբ, Ստեփանակերտը չի պատրաստվում զիջումների գնալ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակում և կատարել Ադրբեջանի պահանջները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

«Եթե խոսում ենք ապագայի մասին, ապա տարբեր հարցերով այդ երկխոսությունը, որը գոյություն էր ունեցել մինչ այդ, դժվարանալու է, որովհետև Բալասանյանը, այնուամենայնիվ, արդեն իսկ ինչ-որ փորձ ուներ ադրբեջանական կողմի հետ շփումների, և դժվար է լինելու, առնվազն կարճաժամկետ կտրվածքով, գտնել նոր պաշտոնյայի կամ անհատների, որոնք պատրաստ կլինեն ստանձնել այդ դերակատարությունը և որոնք նաև ընդունելի կլինեն ադրբեջանական կողմի համար», - ընդգծեց քաղաքագետը՝ հավելելով. - «Չեմ նշում, որ Վիտալի Բալասանյանը ազատվել է պաշտոնից, քանի որ Ստեփանակերտում չեն ցանկանում բանակցել Ադրբեջանի հետ, բայց այդ որոշման հետևանքներից մեկը կարող է լինել նաև դա, որ բանակցությունների վերսկսումը կամ տեղի ունենալը կարող է բարդացվել»:

Նախորդ տարվա մարտին, երբ ադրբեջանցիներն առաջին անգամ խափանել էին Արցախի գազամատակարարումը, հայտարարվեց, որ այդ հարցով ադրբեջանական կողմի հետ բանակցում է Վիտալի Բալասանյանը։ Ամռանն էլ Բերձոր ու Աղավնո բնակավայրերի՝ Ադրբեջանին անցնելուց առաջ, Բերձորում Բալասանյանը հանդիպել էր ադրբեջանական ու ռուսական կողմերին, ըստ պաշտոնական հայտարարության՝ «Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով»։


Դեկտեմբերի սկզբին ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհն առաջին անգամ 4 ժամով արգելափակելուց հետո Բալասանյանը մասնակցել էր ադրբեջանցիների և ռուս խաղաղապահների հետ հանդիպմանը։ Դրանից հետո տարածված հայտարարությամբ Արցախի Անվտանգության խորհուրդը նշել էր, որ Բալասանյանը հանդիպմանը մասնակցել է որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող: «Անվտանգության խորհրդի քարտուղարը ռուս խաղաղապահների միջնորդությամբ հանդիպումներին հանդես է գալիս բացառապես Արցախի Հանրապետության շահերի պաշտպանության դիրքերից», - նշվում էր դեկտեմբերի 7-ին հրապարակված հայտարարության մեջ։

Հինգ օր անց որպես էկոակտիվիստներ ներկայացող ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արդեն երկարաժամկետ արգելափակելուց հետո Ադրբեջանի արտգործնախարարը բացառել էր Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ բանակցությունները՝ նրան անվանելով «օտար տարր»։ Ջեյհուն Բայրամովը միաժամանակ հայտարարել էր, թե Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ Ադրբեջանի հետ շփումների մեջ են, բայց անուններ չի հրապարակում, քանի որ «նրանց վրա կարող է ճնշում գործադրվել»։


Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի կարծիքով՝ Արցախի նախագահն այս պայմաններում չէր ստորագրի հրամանագիր, որը հավելյալ խնդիրներ կստեղծեր։

«Ես ուզում եմ հավատալ, որ հանրապետության նախագահը հրամանագիրը ստորագրել է՝ առաջնորդվելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններով: Եթե այդպես չէ, ուրեմն՝ մենք գործ ունենք Արցախում ներքաղաքական ֆորս մաժորի հետ, որը ավելի վտանգավոր է, քան Լաչինի միջանցքի արգելափակումը», - «Ազատությանն» ասաց Աթանեսյանը և շարունակեց. - «Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակված անձնավորության անցած ճանապարհը, ծառայությունները և նրա հետպատերազմյան կերպարը՝ ես չեմ կարծում, որ դա Ադրբեջանի հետ կոնֆրոնտացիոն որոշում է»:

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը նախօրեին հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի բացման շուրջ բանակցություններ այս պահին չկան։ Այդուհանդերձ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ամեն օր տարածում է նույն հայտարարությունը, որ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի բացման ուղղությամբ բանակցային գործընթացը շարունակվում է։ Թե ով է բանակցում հայկական կողմից, և ինչու արդեն գրեթե մեկ ամիս բանակցություններն արդյունք չեն տալիս՝ պաշտոնապես չի հաղորդվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG