Մատչելիության հղումներ

Մենք բոլորս մի նավի մեջ ենք. Ռուբեն Վարդանյան


Արցախում շրջափակման 28-րդ օրն է: Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը էկոակտիվիստներ ներկայացող ադրբեջանցիները շարունակում են փակ պահել:

Առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն հայտնեց արցախցիներին, իր ձևակերպմամբ, «հանգիստ և ուժեղ այս իրավիճակը» ընդունելու համար ու հաղթահարելու դժվարությունները:

Ըստ նախարարի՝ բնակիչների մեծամասնությունը ճիշտ ու հանգիստ է ընկալում այս իրավիճակը, սակայն կան նաև այլ դեպքեր:

«Մենք բոլորս մի նավի մեջ ենք», - շեշտեց նա՝ կոչ անելով ամեն ինչ կիսել միմյանց հետ, չշարժվել անձնական շահով. «Չեմ ընդունում, որ մարդը հնարավորություն ունի մի քանի տոննա բենզին փոխանակել ինչ-որ մարդկանց հետ, իր երեխաները, ընտանիքը օգտագործեն դա, քշում են մեքենա: Եթե ինքը էդքան լավ տղա է, ճարել է այդ բենզինը, պիտի գար շտաբ, ասեր՝ հնարավորություն եմ ունեցել, ճարել եմ, բոլորս մի նավի մեջ ենք»:

«Չեմ ընդունում մարդուն, որը հնարավորություն է ունեցել պայմանավորվել խաղաղապահների կամ մեկ ուրիշի հետ, ուտելիք բերել ու թանկ գնով վաճառել է քաղաքացիներին: Ես չեմ ընդունում մարդկանց, ովքեր փորձում են փող աշխատել այս դժվարությունների ժամանակ», - նշեց նախարար Վարդանյանը:

Նա նաև հայտնեց, որ վաղը՝ Կառավարության նիստին հայտարարություններ ու աշխատանքային որոշումներ են լինելու:

Արցախի խանութներում արդեն ոչինչ չկա՝ միայն խմիչք ու թանկարժեք սոուսներ: Արցախի կառավարությունը պահուստային պաշարից որոշ մթերքներ է բաժանում խանութներին: Մինչև շրջափակումը ամեն օր հարյուրավոր տոննաներով սնունդ, դեղորայք, այլ ապրանքներ էին մտնում Արցախ, հիմա ոչինչ չի մատակարարվում, վառելիքի պակասն էլ ավելի է սրում իրավիճակը։

Լաչինի միջանցքը շարունակում է բաց մնալ միայն ռուս խաղաղապահների համար, երբեմն այստեղով անցնում են Կարմիր Խաչի մեքենաները: Արցախցի երկու ամսական փոքրիկ՝ Դաունի համախտանիշով, և ևս երկու հոգի՝ սուր լեյկոզով ու աջ ուսահոդի ինֆեկցված կիստայով, երեկ Ստեփանակերտից տեղափոխվել են Երևան:

Արցախի բուժհաստատություններում տասնյակ ծանր հիվանդներ կան, որոնք երևանյան մասնագիտացված բուժկենտրոններում բուժումը շարունակելու կարիք ունեն, մինչև այժմ հնարավոր է եղել ընդամենը 15 հոգու տեղափոխել, այն էլ՝ միայն Կարմիր Խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաներով:

XS
SM
MD
LG