Այսօր կեսօրին Ուկրաինայում ուժի մեջ է մտել ռուսական կողմի առաջարկած սուրբծննդյան հրադադարը, որը կշարունակվի 36 ժամ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ռուսական զորքը հավատարիմ է նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած զինադադարին։
«Համաձայն Ռուսաստանի նախագահի հրամանի՝ ժամը 12-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ը հատուկ ռազմական օպերացիայի տարածքում հրադադար է հայտարարվել կողմերի շփման գծի ամբողջ երկայնքով»:
Միաժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են գնդակոծել ռուսական զորքերի դիրքերը։
Ուկրաինական կողմն էլ պնդում է, թե մինչ հրադադար հայտարարելը վերջին 24 ժամվա ընթացքում ռուս զինվորականները 17 օդային հարվածներ են հասցրել, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների և Խերսոնում փրկարարական ստորաբաժանման վրա։ Գնդակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին մերժել է հրադադարը՝ շեշտելով, թե Պուտինի կողմից դա կեղծավորություն է և շունչ առնելու փորձ. «Այժմ նրանք ցանկանում են Սուրբ Ծնունդը օգտագործել որպես ծածկ, որպեսզի որոշ ժամանակով կասեցնեն մեր տղաների առաջխաղացումը Դոնբասում ու տեխնիկա, զինամթերք և մոբիլիզացված մարդկանց մոտեցնեն մեր դիրքերին»:
Նույն կարծիքն է հայտնել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը. «Ես դժկամությամբ եմ արձագանքում Պուտինի ցանկացած ասածին: Նա պատրաստ էր ռմբակոծել հիվանդանոցները, մանկապարտեզներն ու եկեղեցիները և դեկտեմբերի 25-ին, և Նոր տարուն... Կարծում եմ, որ նա ընդմիջում է ուզում պարզապես»:
Ամերիկացի ռազմական փորձագետների կարծիքով՝ կրակը դադարեցնելու Պուտինի հայտարարությունը տեղեկատվական հնարք է, որը նպատակ ունի վնասել Ուկրաինայի հեղինակությանը։
Ամեն դեպքում պատերազմի դադարեցման մասին խոսք չկա, հակառակը՝ կողմերը պատրաստվում են նոր կատաղի մարտերի, Արևմուտքն էլ մեծացնում է աջակցությունը Կիևին։ ԱՄՆ-ը և Գերմանիան, մասնավորապես, համատեղ հայտարարություն են տարածել Ուկրաինային զենքի նոր մատակարարումների վերաբերյալ: Ըստ Reuters-ի՝ համատեղ հայտարարության մեջ ԱՄՆ-ը Կիևին է տրամադրում Bradley, իսկ Գերմանիան՝ Marder մարտական մեքենաները, Գերմանիան նաև միանում է Միացյալ Նահանգներին՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր Ուկրաինային մատակարարելու հարցում։
Վաշինգտոնի ռազմական օգնության այս նոր փաթեթի մասին, որը գնահատվում է 2 միլիարդ 850 միլիոն դոլար, Սպիտակ տունը պաշտոնապես կհայտարարի այսօր։ Ընդ որում, Միացյալ Նահանգները մտադիր է այդ մարտական մեքենաները Ուկրաինա հասցնել մինչև գարուն։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի կարծիքով՝ արդեն մոտ մեկ տարի շարունակվող պատերազմը մտնում է վճռական փուլ, և Կիևի միակ նպատակը հաղթանակն է:
«Կարող է լինել միայն մեկ նպատակ՝ Ուկրաինայի հաղթանակը։ Սա միակ ճանապարհն է՝ ապահովելու կայուն ու արդար խաղաղություն և անվտանգություն Եվրոպայում», - ասել է նա:
Կուլեբայի խոսքով՝ անցել են Ուկրաինային զենք մատակարարելու տաբուի ժամանակները, և այս տարի Ուկրաինան դաշնակիցներից կստանա զենք, որը հնարավոր չէր ձեռք բերել 2022-ին։
Այսօր մինչ ռուսները ժամանակավոր հրադադար են հայտարարել, Բելառուսի բռնապետ առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Բրեստի շրջանի «Օբուզ-Լեսնովսկի» հրաձգարան, որը սահմանակից է Ուկրաինային և Լեհաստանին։ Այստեղ հիմա տեղակայված է ռուսական ստորաբաժանումներից մեկը։
«Մենք ընդհանուր գործ ենք անում», - հայտարարել է Բելառուսի նախագահը:
Ավելի վաղ բազմաթիվ հաղորդումներ փաստել էին, որ Մոսկվան օգտագործում է Բելառուսի տարածքը Ուկրաինայի վրա հարձակումների համար: Մինչ այս պահը, սակայն, բելառուսական զորքը Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմին չի մասնակցում: