Մատչելիության հղումներ

Կրակը դադարեցնելու լավագույն միջոցը ռուսական զորքերի դուրսբերումն է. Զելենսկին՝ Պուտինին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա թիմի անդամները մերժել են Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի Սուրբ Ծննդյան հրադադարի մասին առաջարկը և ասել, որ Պուտինի զինադադարը կեղծավորություն է և շունչ առնելու փորձ: Զելենսկին իր գիշերային տեսաուղերձի երկրորդ կեսը նվիրել է Պուտինի հայտարարությանը և այդ հատվածում խոսել ռուսերենով՝ Ռուսաստանի քաղաքացիներին ուղերձի տեսքով։

Ուկրաինայի նախագահը հիշեցրել է, որ Ուկրաինան արդեն առաջարկել է իր «խաղաղության բանաձևը», սակայն դրա հիմնական տարրը ռուս օկուպանտների դուրսբերումն է։

«Ռուսական օկուպացիոն զորքերի դուրսբերումը մեր երկրի տարածքից՝ կրակը, մարդկային կորուստները և ընդհանրապես պատերազմը դադարեցնելու երաշխավորված և հուսալի միջոց է»,- ասել է Զելենսկին։

«Հիմա նրանք ուզում են Սուրբ Ծնունդը օգտագործել որպես ծածկ, որպեսզի որոշ ժամանակով կասեցնեն մեր տղաների առաջխաղացումը Դոնբասում և տեխնիկան, զինամթերքն ու մոբիլիզացվածներին մոտեցնեն մեր դիրքերին։ Ի՞նչ կտա դա: Միայն կորուստների հերթական աճ: Աշխարհում բոլորը գիտեն, թե ինչպես է Կրեմլը պատերազմում դադարը օգտագործում՝ պատերազմը նոր թափով շարունակելու համար»,- շարունակել է Ուկրաինայի նախագահը։

Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հրամայել է ռուսական զորքերին հրադադար հայտարարել Սուրբ Ծննդյան տոներին և հորդորել է ուկրաինացիներին անել նույնը։ Ուկրաինայի կառավարության պաշտոնյաները և նրա արևմտյան դաշնակիցները կոչն անվանել են կեղծավորություն և խորամանկություն:

XS
SM
MD
LG