Մատչելիության հղումներ

Կիևում մեկ ամսից Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողով կանցկացվի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն, արխիվ

Ուկրաինան և Եվրամիությունը մեկ ամսից գագաթնաժողով կանցկացնեն Կիևում՝ քննարկելու ԵՄ ֆինանսական և ռազմական աջակցությունը, ասվում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում:

Հաղորդվում է նաև, որ Վլադիմիր Զելենսկին այս տարվա իր առաջին հեռախոսազրույցում խոսել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման մանրամասների մասին։

«Կողմերը քննարկել են փետրվարի 3-ին Կիևում անցկացվելիք ԵՄ-Ուկրաինա հերթական գագաթնաժողովի ակնկալվող արդյունքները և պայմանավորվել են ակտիվացնել նախապատրաստական աշխատանքները», - ասվում է հաղորդագրությունում։

Ղեկավարները քննարկել են Ուկրաինայի զինված ուժերի հետագա հզորացման ուղիները՝ «համապատասխան զենք մատակարարելու միջոցով», ինչպես նաև Ուկրաինային 19 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության նոր ծրագիրը։ Միևնույն ժամանակ, Զելենսկին պնդել է, որ առաջին տրանշը պետք է ուղարկել այս ամիս, ասվում է հաղորդագրությունում։

Զելենսկին և ֆոն դեր Լայենը գնահատել են նաև առաջընթացը ուկրաինական 74 ավերված դպրոցների վերականգնման գործում։ Եվրամիությունը դրա ֆինանսավորման համար հատկացրել է 100 միլիոն եվրո։

Քննարկման մեկ այլ թեմա էր Կիևի կողմից Եվրահանձնաժողովի 7 հանձնարարականների կատարման առաջընթացը, որոնք տրվել են Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու հետ կապված։

«Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է Ուկրաինայի հսկայական առաջընթացն այս ճանապարհին։ Ուկրաինայի նախագահն, իր հերթին, նշել է մոտ ապագայում համապատասխան աշխատանքներն ավարտելու մտադրությունը, որպեսզի արդեն այս տարի սկսվեն անդամակցությանը նախորդող բանակցությունները», - ասված է հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG