Մատչելիության հղումներ

Բանտում գտնվող ադրբեջանցի իրավապաշտպանը հերքում է Ալիևի վարչակազմի հետ համագործակցելու մեղադրանքները


Բախտիյար Հաջիև
Բախտիյար Հաջիև

Ադրբեջանական բանտում գտնվող իրավապաշտպան Բախտիյար Հաջիևը հերքում է Իլհամ Ալիևի վարչակազմի հետ համագործակցության մեղադրանքները։

Հաջիևը նման հայտարարությամբ է հանդես եկել այսօր՝ մեկնաբանելով նախօրեին սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութը։ Դրա հեղինակները պնդում էին, որ Հաջիևը տարիներ շարունակ համագործակցել է իշխանությունների հետ, որպես ապացույց, հատվածներ ներկայացնելով ընդդիմադիր ակտիվիստի և իշխանության մի շարք ներկայացուցիչների էլեկտրոնային նամակագրությունից։

Հաջիևն, այսօր տարածած հայտարարության մեջ, սակայն, պնդում է, որ տեսանյութը տարածել են հատուկ ծառայությունները, իսկ նամակագրությունը նրանց ձեռքում է հայտնվել «կիբերհանցագործության հետևանքով»։ Դրա հետ մեկտեղ Հաջիևը չի հերքել, որ մի քանի տարի առաջ հանդիպումների շարք է ունեցել բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաների հետ։

«Ես նախկինում էլ հրապարակայնորեն նշել եմ, որ 2019 թվականի սկզբին, նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ, ինձ հետ կապեր էին հաստատվել և ինձ տեղեկացրել էին, որ Ալիևը բարեփոխումներ է սկսում և ցանկանում է, որ ես ևս ներկայացված լինեմ նոր թիմում՝ պետական կառույցներից որևէ մեկում։ Ինձ հետ բանակցությունները վարում էր արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդդին Հեյդարովը», - հայտարարել է ադրբեջանցի ընդդիմադիրը՝ խոստովանելով, որ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ադրբեջանական կառավարության ամենաազդեցիկ անդամներից մեկի հետ։

«Հետագայում ինձ հետ բանակցելու գործը հանձնարարվեց Պետանվտանգության ծառայության պետ Ալի Նագիևին, որն ինձ խնդրեց բարեփոխումների հինգ ուղղություններով առաջարկների փաթեթ ներկայացնել։ Ես առաջարկներ ներկայացրեցի չորս ուղղություններով։ Հինգերորդ ուղղությունը ես ազատ թողեցի՝ մտածելով, որ եթե նախագահն իրոք ցանկանում է բարեփոխումներ իրականացնել և ինձ որևէ պաշտոն տալ, ապա այդ հինգերորդ կետը հենց ինքն է լրացնելու», - գրել է ընդդիմադիր ակտիվիստը։

Բախտիյար Հաջիևը կալանավորվել էր դեկտեմբերի 9-ին՝ խուլիգանության և դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքներով։ Դեկտեմբերի 15-ին Հաջիևը անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով իրեն ազատ արձակել բանտից։

XS
SM
MD
LG