Վաշինգտոնը Ալիևի վարչակազմին կոչ է անում անհապաղ ազատ արձակել նախօրեին խուլիգանության մեղադրանքով կալանավորված ընդդիմադիր ակտիվիստ Բախտիյար Հաջիևին։
«Կոչ ենք անում իշխանություններին անհապաղ ազատ արձակել նրան»,- «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։
Հաջիևը հայտնի է Ադրբեջանի իշխող ընտանիքի նկատմամբ իր կոշտ քննադատությամբ, բազմիցս ձերբակալվել և հետապնդումների է ենթարկվել։ Անցած ամիսներին նա հայտարարել է Ադրբեջանի քաղաքացիությունից հրաժարվելու մտադրության մասին։ Բախտիյար Հաջիևի հրապարակային վերջին մեկնաբանություններից մեկը վերաբերում էր Ադրբեջանի առաջին տիկին և երկրի փոխանախագահ Մեհրիբան Ալիևային՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնում գործունեությունը դադարեցնելու հետ կապված։
Ընդդիմադիր գործիչը հիշեցրել է Ալիևայի և ՄԱԿ-ին կից այդ կառույցի նախկին ղեկավարության միջև կոռուպցիոն կապերը։
«Կարծես, Ազուլեն Իրինա Բոկովայի նման խավիար չի սիրում, այդ պատճառով էլ նրանց հարաբերությունները սառան», - գրել էր Հաջիևը։
Բոկովան հայտնի է Ալիևայի հետ սերտ կապերով։
«Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագծի» լրագրողները «ադրբեջանական լվացքատուն» հայտնի հետաքննության շրջանակում պարզել էին, որ Եվրոպայում Ալիևի վարչակազմի հեղինակած փողերի լվացման մեխանիզմին մասնակցել է նաև Բոկովայի ընտանիքը, մասնավորապես՝ նրա ամուսինը 400 հազար եվրո էր ստացել Ադրբեջանից։ Այդ նույն ժամանակահատվածում Բոկովան կառույցի բարձրագույն պարգևը` Մոցարտի շքանշանն էր հանձնել Մեհրիբան Ալիևային: