Ադրբեջանի իշխանությունները սեփական երկրում ու միջազգային կառույցներում հայտարարում են, թե պատրաստ են Ղարաբաղի հայերի համար երաշխավորել նույն իրավունքները, ինչ ունեն Ադրբեջանի քաղաքացիները: Այդ մասին երեկ նաև Ադրբեջանի դեսպանը հայտարարեց Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհրդում (Ախ):
Խոստումների ֆոնին հարց է առաջանում` իսկ ի՞նչ իրավունքներ ունեն Ադրբեջանի քաղաքացիները: Ինչպես միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն են փաստում` գրեթե ոչ մի:
«Ընտրությունները Ադրբեջանում ոչ ազատ են, ոչ արդար, ոչ էլ մրցակցային», - արձանագրված է հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցում, որտեղ Ադրբեջանը, այս էլ որերորդ տարին է` դասվել է ավտորիտար երկրների շարքում: Կազմակերպությունը փաստել էր` Ադրբեջանը կառավարվում է բռնապետական վարչակազմի կողմից, որի իշխանությունը մեծապես կենտրոնացած է արդեն շուրջ քսան տարի նախագահող Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի ձեռքում: Մինչ այդ էլ` տասը տարի, հայր Ալիևն էր կառավարում:
Այս ընթացքում հազարավոր ընդդիմադիր գործիչներ հայտնվել են բանտերում, բռնությունների ու կտտանքների ենթարկվել, անկախ լրագրողները ազատազրկվել են շինծու մեղադրանքներով: Հենց այս պահին քաղաքացիական ակտիվիստ, Ալիևի քննադատ Բահտիար Հաջիզադեն հացադուլ է անում Բաքվի բանտերից մեկում, իշխանությունները, սակայն, անգամ հացադուլի իրավունք չեն տալիս նրան: Երեկ, ըստ Meydan TV-ի, Հաջիզադեն դատարանում պատմել է` ինչպես են կալանավայրի վերակացուները ճնշել ու ստիպել, որ հրաժարվի հացադուլից. ջուր է խնդրել, բերել են, բայց թույլ չեն տվել, որ խմի:
Միացալ Նահանգների պեդեպարտամենտը, Եվրամիությունն ու Amnesty International միջազգային կազմակերպությունը հորդորել էին Բաքվին ազատ արձակել երիտասարդին: Դատարանը, սակայն, երեկ ուժի մեջ է թողել կալանքի որոշումը:
Իրավապաշտպանները փաստում են` կալանավայրերում են հայտնվում ոչ միայն Ալիևի ընդդիմախոսները, այլև ցանկացած ոք, որ փորձում է իշխանությունների թույլատրած սահմաններից դուրս որևէ ցույց կամ ակցիա կազմակերպել:
Շաբաթներ առաջ, օրինակ, տասնյակ առաքիչներ մոտոցիկլետներով բոյկոտի էին դուրս եկել Բաքվի կենտրոնում` իրենց իրավունքները պաշտպանելու պահանջով: Հաջորդ օրն իսկ ցուցարարներից մեկի բնակարանի լույսերն անջատվել էին անհայտ հանգամանքներում, անհայտ անձինք նրան առևանգել էին, մյուսներին ոստիկաններն էին ազատազրկել՝ այդպես էլ չպարզաբանելով, թե ինչի համար:
«Ինձ ասում էին` հանգիստ նստի տեղդ, ապրիր քո կյանքով ու վերջ տուր քո այդ «առաքիչների միավորմանը»: Մինչդեռ մենք անօրինական որևէ բան չենք անում, ընդամենը բացատրում ենք մարդկանց` ինչպես պաշտպանեն իրենց իրավունքները», - Meydan TV-ին պատմել էր ազատազրկվածներից մեկը` Էլվին Ֆեյրուզադեն:
Մարդու իրավունքների պաշտպանությամբ, որ Բաքուն խոստանում է տալ նաև Ղարաբաղի հայերին, Ադրբեջանն աշխարհի ետնապահներից է Կուբայի, Սուդանի ու Նիկարագուայի կողքին: Ընդ որում, Economist Intelligence Unit-ի ուսումնասիրոթյունները վկայում են, որ անցած 15 տարում իրավիճակը միայն վատթարացել է. եթե 2006-ին Ադրբեջանում քաղաքական ազատություններն ու իրավունքների պաշտպանությունը տասը բալանոց համակարգով 3,3 միավոր էր ստացել, ապա անցած տարի այդ ցուցանիշն էլ ավելի է նվազել` հասնելով 2,6-ի:
Մամուլի ազատության՝ Reporters Without Borders-ի ինդեքսում Ադրբեջանը 167-րդն է` աշխարհի 179 երկրների շարքում, այլ կերպ` աշխարհի ամենավատ ցուցանիշն ունեցող քսան երկրներից մեկը: Փոխարենը առաջատարներից է կոռուպցիայի ցուցանիշով` ըստ Transparensy International-ի զեկույցների: Անցած տարիներին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման ծրագրի լրագրողները տասնյակ հետաքննություններ են հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է Ալիևների իշխող ընտանիքը միլիարդներ յուրացրել` փոխանցելով օֆշորներում գտնվող, իրենց հետ փոխկապակցված ընկերություններին:
Մինչ այդ, Բաքվի արվարձանում գտնվող Ռամանայում կյանքը կաթվածահար է լինում ամեն անգամ`անձրևից հետո: Ջրահեռացման համակարգը չի աշխատում, ճանապարհներն էլ, բնակիչների խոսքով, վերջին անգամ նորոգվել են տասը տարի առաջ, մինչդեռ անցած տարվա բյուջեից դրա համար յոթ միլիոն դոլար էր հատկացվել:
«Յոթ միլիոն են տվել, ո՞վ է կերել այդ փողը: Ես թոշակառու եմ, պատերազմի վետերան, ամսական ստանում եմ 268 մանաթ`150 դոլար: Դրանով ինչպե՞ս ապրեմ ու երեխա պահեմ», - Meydan TV-ին պատմել է տեղի բնակիչներից մեկը:
Իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում նշվում է, որ Ալիևի վարչակազմը ըստ սեփական հայեցողության ու կամքի տնօրինում է ոչ միայն երկրի հարստությունը, այլև կառավարման համակարգը` վերահսկելով ամեն բան:
«Տեղական ու ռեգիոնալ իշխանությունների ղեկավարները նշանակվում են երկրի նախագահի կողմից, լիովին կախված են կենտրոնական իշխանություններից և առանձնապես լայն լիազորություններ չունեն», - փաստել է Freedom House-ի վերջին զեկույցը, մանրամասնելով` նրանց վերապահված են միայն ճանապարհների ասֆալտապատման ու գերեզմանների տրամադրման հարցերը: