Մատչելիության հղումներ

«Պատրաստ ենք ամեն դժվարության». Արցախը Հայաստանին կապող ճանապարհը շարունակում է փակ մնալ


Լրացավ Արցախի շրջափակման 6-րդ օրը. թեև Արցախի պետնախարարը երեկ հույս էր հայտնել, որ գազամատակարարման վերականգնումից հետո կարող է նաև Լաչինի միջանցքը բացվել, ճանապարհը մինչ այս պահը շարունակում է փակ մնալ։

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Լաչինի միջանցքն արգելափակած մարդիկ, որոնք ներկայանում են իբրև էկոակտիվիստներ, մտադիր են շարունակել իրենց ակցիաները: «Մենք մեր գործողությունները կշարունակենք մինչև չկատարվեն մեր պահանջները», - այսօր Trend-ին ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Այս օրերին արցախցիները խնայողաբար են խանութներից գնումներ անում, որ առանց այդ էլ նոսրացած ցուցափեղկերն ամբողջությամբ չդատարկվեն։ Դիանա Սարգսյանն, օրինակ, այսօր մեծ դժվարությամբ է իր 1 տարեկան փոքրիկի համար տակդիր գտել դեղատներում։ Ասում է՝ առաջին անհրաժեշտության դեղերն ու սնունդն աստիճանաբար սպառվում է, բայց դեռ դիմանում են:

«Դեղատներում ոչ թե օր-օրի են պակասում ապրանքները, այլ՝ ժամ առ ժամ: Ես մտել եմ այսօր առավոտյան 10 դեղատուն, մեկ դեղատանն եմ գտել տակդիր: Բայց ինձ դեղատանն ասացին՝ վաղը կլինի նորից, քիչ-քիչ են ուղղակի դնում վաճառքի, որ բոլորին հերիքի: Այնուամենայնիվ, դեղատներում առաջին անհրաժեշտության պարագաները գրեթե վերջացել են: Սննդի հետ կապված խնդիրն ավելի սուղ է, որովհետև երեխաների համար նախատեսված թեյերը և այլն, ինչը, որ ժամկետ ունի, արդեն չկան: Ալյուրը էլի 1-2 կիլոգրամ, ավելի չեն վաճառում, բայց վիտրիաները գրեթե դատարկվում են, չնայած փորձում են թարմացնել, այնուամենայնիվ, երկար այսպես չի լինի», - ասաց Դիանա Սարգսյանը:

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը արցախցիներին կոչ է անում անկանխիկ գնումներ կատարել, քանի որ կանխիկ գումարի խնդիր կա։

«Ունենք կանխիկի հետ խնդիրներ և ուզում եմ նորից բոլորին կոչ անել տերմինալներ օգտագործել և քարտերով առևտուր անել: Բոլոր այն խանութները, որ չունեն տերմինալներ, կստանան, որ օգտագործեն», - հայտարարեց Վարդանյանը:

Արցախցի Դիանա Սարգսյանը պատրաստ է քարտով գնումներ անել, բայց ասաց՝ Ստեփանակերտում քիչ են այդ կերպ վճարումներ ընդունող խանութները. - «Ստեփանակերտում շատ քիչ տեղերում կարող ես քարտով վճարումներ կատարել, հիմնականում մեզ մոտ կանխիկ է ամեն ինչը: Ճիշտն ասած, հիմա մենք զբոսնում ենք քաղաքում, ես տեսնում եմ, որ բանկոմատների առջև հերթեր են»:

Շրջափակման պայմաններում Արցախում նկատվում է նաև կարևորագույն ապրանքների թանկացում. Տեղեկատվական շտաբն այսօր առավոտյան հայտարարել է՝ չհիմնավորված բարձր գներով դեղամիջոցներ վաճառելու փաստ է արձանագրվել։ Արցախի պետնախարարի խոսքով՝ մարդիկ կան, որ օգտվել են իրավիճակից ու համակարգին դեմ գնացել։

«Մարդիկ չեն կատարել իրենց պարտականությունները ճիշտ կամ փորձեր են արել տարբեր ձևերով չենթարկվել սիստեմի օրենքներին: Ոչ թե պատժվելու են նրանք միայն օրենքով, այլև հայտարարելու ենք այն մարդկանց անունները, որոնք փորձել են բենզինը ծախել, գները բարձրացնել դեղատներում, երբ որ պետական աշխատողներից, օրինակ, մարդ կա, որ չի կարողացել գնա գործի, իրեն հաշվել են բացակա: Դա ամոթ է, ամոթը ավելի վատ է, քան պատիժն ինչ-որ օրենքով կամ մի հատ նկատողությունով», - ասաց պետնախարարը:

Ստեփանակերտի բնակիչ Դիանան «Ազատությանն» ասաց, թեև գազը երեկվանից կրկին հասանելի է բնակիչներին, այդուհանդերձ, թե՛ կապույտ վառելիքը, թե՛ էլեկտրաէներգիան նախկին հզորությունը չունեն, խնդիր կա նաև հեռախոսակապերի հետ. - «Առավոտից համացանց չի եղել, նոր է, որ վերականգնվել է, սովորական հեռախոսազանգերն էլ են նոր վերականգնվել: Գազի ճնշումը շատ թույլ է, լույսերն էլ են այսօր շատ թույլ: Չգիտեմ՝ ինչով է պայմանավորված, բայց, փառք Աստծո, եղանակը լավ է, տներում շատ ցուրտ չէ»:

Երեք երեխաների մայր, արցախցի Իննա Նասիբյանն ասում է՝ շուկայում չի կարողացել գազար գտնել, դեղատներում՝ իրեն անհրաժեշտ ջերմիջեցնող և այլն։ Պատմեց՝ խնայողաբար են օգտագործում անգամ լույսը, բայց հույսը միշտ կա՝ լավ է լինելու:

«Էսօր գազար էր պետք, երկու հարևաններով քաղաքը տակ ու վրա արեցինք, չենք գտել: Լույսը կա, օգտագործում ենք, չենք վառում բոլոր տեները, մեկը միացնում ենք, բոլորս հավաքվում մի սենյակի մեջ, որպեսզի շատ չծանրաբեռնվի մեր էլեկտրականությունը: Ուզում են գազը անջատեն, ջուրը անջատեն, մենք պատրաստ ենք թեկուզ ջուր հավաքենք, փայտ ջարդենք, մենք՝ կանայք պատրաստ ենք ամեն դժվարությունների, բայց մնանք մեր հողում», - ընդգծեց Նասիբյանը:

Եկող շաբաթվանից Արցախում վերսկսելու են դասերը, իսկ փակ ճանապարհի պատճառով Հայաստանում մնացած շուրջ 300 արցախցի երեխաների կրթությունը ժամանակավորապես կազմակերպվելու է Սյունիքում, տեղեկացրել է Հայաստանի կրթության նորանշանակ նախարարը։ Ժաննա Անդրեասյանն իրավիճակը որակել է մարդասիրական ճգնաժամ, կրթության իրավունքի խախտում ու նամակներով դիմել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր քարտուղարին ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG