Մատչելիության հղումներ

Բաքուն, ի վերջո, պետք է ընդունի, որ կա մեկ տարբերակ՝ պետք է բանակցի Արցախի հետ․ Ռուբեն Վարդանյան


Այս շրջափակումն ինչքան շարունակվի, Արցախն այդքան ավելի ուժեղանալու է, համախմբվելու է, ավելի շատ համաշխարհային կազմակերպություններ պահանջելու են Ադրբեջանից փոխել որոշումը, Արցախն էլ ավելի մեծ հնարավորություն է ունենալու՝ բարձրացնելու օդանավակայանի հարցը, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ շեշտելով՝ ստեղծելով օդային կամուրջ՝ հնարավորություն կստեղծվի սնունդ և այլ անհրաժեշտ ապրանքներ բերել Արցախ։

Բաքուն մեկ քանի անգամ չէ, որ հայտարարել է՝ չի պատրաստվում «Ղարաբաղի հայերի ճակատագիրը քննարկել» Հայաստանի իշխանությունների հետ։ Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ կշտամբել է Ռուսաստանին ու պնդել, թե այս հարցի շուրջ բանակցություններ չեն վարելու նաև «Մոսկվայից ուղարկված Ռուբեն Վարդանյանի հետ», ով վերջերս նշանակվեց Ղարաբաղի պետնախարար:

«Մենք պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված [Ռուբեն] Վարդանյանի նմանների, որի գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդներն են։ Նրան Մոսկվայից ուղարկել են հստակ օրակարգով», - ասել էր Ալիևը:

Վարդանյանն ասում է՝ ուրախ է, որ իր գալը մեծ ազդեցություն է թողել Բաքվի վրա՝ շեշտելով՝ կարևոր է, որ Ադրբեջանը հասկանա՝ Արցախը մենակ չէ, Արցախի կողքին կանգնած են մարդիկ, ովքեր ունեն հեղինակություն, կապեր և փորձ։

«Ես ուրախ եմ, որ իրենք հասկանում են, որ Արցախի հարցը չի լուծվում տենց հեշտ, իրենք կարծում են, որ կարելի է էդպես հեշտ, քայլ առ քայլ, կամաց բրդելով հարցը լուծել և ներկայացնել միջազգային հանրությանը, որ «Արցախում15-20 հազար մարդ է ապրում, այնտեղ միայն բոևիկներ են, այնտեղ չկա բնակչություն, էդ թեմա չի, մենք էդ հարցը կլուծենք»։ Ինձ թվում է՝ իմ գալը ծանր տանելը դրա հետ է կապված, որ իմ գալով իհարկե Արցախի հարցն ավելի շատ է քննարկվում աշխարհում, ավելի շատ հետաքրքրության կա», - ասաց Վարդանյանը։

Արցախի պետնախարարի խոսքով՝ Բաքուն, ի վերջո, պետք է ընդունի, որ կա մեկ տարբերակ՝ պետք է բանակցի Արցախի հետ։

«Արցախը լինելու է անկախ, իսկ բանակցության համար իմ դերը կարող է շատ կարևոր լինել։ Էկոլոգիայի հարցը բարձրացնելով իրենք մեզ տվեցին հնարավորություն մեր սուբյեկտության հարցն ավելի բարձր բարձրացնել, մենք հիմա հնարավորություն ունենք պահանջելու, որ մենք, որպես կողմ, պետք է ներկայացված լինենք այդ հարցի շուրք քննարկվող հարցերի լուծման ձևը գտնելու», - ասաց Արցախի պետնախարարը։

Դեկտեմբերի 13-ին երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը։ Ստեփանակերտն այն համարեց «հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»։

Դեկտեմբերի 12-ի առավոտից էլ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։

Վարդանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG