Մատչելիության հղումներ

«Գիշերել ենք բաց երկնքի տակ»․ Արտակ Բեգլարյանը շարունակում է նստացույցը ՄԱԿ-ի գրասենյակի առջև


Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը շարունակում է նստացույցը ՄԱԿ-ի գրասենյակի առջև։

Նա «Ազատությանը»-ը փոխանցեց, որ գիշերել են բաց երկնքի տակ, նստացույցն այսօր էլ շարունակելու են, իսկ պայքարի ձևերն, ըստ կարիքի, փոխվելու են։

Բեգլարյանը նշեց, որ թեև ՄԱԿ-ի գրասնեյակից անձամբ իր հետ չեն կապվել, բայց մասնակիների հետ կապ եղել է՝ չբացառելով, որ առաջիկայում որոշակի հանդիպումներ լինեն։

Նստացույցի մասնակիցները փակել են ՄԱԿ-ի գրասենյակի մուտքերը մեքենաների համար։ Բեգլարյանը պարզաբանեց․ - «Սա կարող ենք համարել խորհրդանշական, կարող ենք համարել քաղաքական անհնազանդության ակցիա, որպեսզի ցույց տանք, որ մեր բնակչությունը՝ Արցախի 120 հազար բնակչությունը՝ ժողովուրդը ահա այս ձևով արգելափակված է»։

Արցախի նախկին պետնախարարն ասաց, որ կավարտեն նստացույցը, կամ այլ բողոքի ակցիաները, երբ խնդրին գոնե քիչ թե շատ հստակ լուծում լինի։

«Ընդ որում ոչ թե շրջափակման վերացում, այլ որ հստակ տեսնենք, որ ՄԱԿ-ի մարմինները սկսել են աշխատել երկարաժամկետ լուծումների ուղղությամբ», - ընդգծեց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպանը՝ շեշտելով՝ սա իր անձնական պատմությունն չէ, խնդիրը չէ։

«Երեխաներ կան Հայաստանում մնացած, որոնց ծնողները հիմա Արցախում են, ծնողներ կան Երևանում, որոնց երեխաներն Արցախում են ու առանց ծնող են մնացել, էսպիսի բավականին պատմություններ կան։ Արցախում գտնվողները 24 ժամից ավելի գազամատակարարում չունեն, ջեռուցում չունեն, դպրոցները փակ են, որովհետև չեն ջեռուցվում, հիվանդանոցներն արդեն լրջագույն ջեռուցման խնդիրների առջև են կանգնել, սննդի մատակարարման խնդիրներ կան և սա բոլորին է վերաբերում նաև իմ ընտանիքին, իմ հարազատներին և մնացած բոլորին», - եզրափակեց Բեգլարյանը։

Մեքենաները մնացել են Գրիս-Ստեփանակերտ ճանապարհին, 12-ը դեկտեմբերի, 2022թ․
Մեքենաները մնացել են Գրիս-Ստեփանակերտ ճանապարհին, 12-ը դեկտեմբերի, 2022թ․

Բեգլարյանը ՄԱԿ-ի գրասենյակի առջև անժամկետ նստացույց է սկսել երեկվանից։ Նա ասում է՝ ՄԱԿ-ը պետք է դատապարտի Ադրբեջանի գործողություններն ու Արցախի շրջափակումն՝ ահազանգելով շարունակ շրջափակման հետևանքով Արցախը մարդասիրական ճգնաժամի մեջ է։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Երեկ տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Գուտերեշը «վերահաստատում է իր աջակցությունը տարածաշրջանի կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերին»,։

Դեկտեմբերի 13-ին երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը։ Ստեփանակերտն այն համարեց «հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»։

Դեկտեմբերի 12-ի առավոտից էլ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG