Կոսովոն ներկայացրել է Եվրոպական միությանն անդամակցելու պաշտոնական հայտ: Այն մայրաքաղաք Պրիշտինայում ստորագրել են նախագահ Վյոսա Օսմանին, խորհրդարանի խոսնակ Գլաուկ Կոնյուֆկան և վարչապետ Ալբին Կուրտին:
Այդ գործընթացը կարող է տարիներ և նույնիսկ տասնամյակներ տևել, սակայն Պրիշտինայում բուն դիմումի փաստը շատ են կարևորում:
«Սա պատմական պահ է մեր երկրի համար: Այսպես մենք բացում ենք մեր պետության և հասարակության պատմության նոր էջը: Առաջընթացը կախված կլինի դեմոկրատիայի զարգացմանն ուղղված բարեփոխումների իրականացումից, օրենքի գերակայության ամրապնդումից և մեր տնտեսությունը զարգացնելու ունակությունից»,- հայտարարել է վարչապետը:
Եվրոպական միությունն արդեն աշխատում է մի գործարքի վրա, որը կողմերը պետք է մեկ տարում համաձայնեցնեն:
Մինչդեռ, Կոսովոյի հյուսիսում շարունակվում են սերբ բնակիչների բողոքի ակցիաները, որոնք սկսվել են ազգությամբ սերբ նախկին ոստիկանի ձերբակալությունից հետո: Դա խիստ սրել է իշխանությունների և Կոսովոյում ազգային փոքրամասնություն հանդիսացող սերբերի հարաբերությունները:
Ալբանացիների մեծամասնությամբ Կոսովոն Սերբիայից անկախություն է հռչակել 2008 թվականին: Արևմուտքը սատարել է Կոսովոյին 1998-99 թվականների պատերազմում, երբ ՆԱՏՕ-ի ուժերը մտել են երկրամաս բնակիչների ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար:
Կոսովոն ՄԱԿ-ի անդամ չէ: Եվրամիության 5 երկրներ՝ Իսպանիան, Հունաստանը, Ռումինիան, Սլովակիան և Կիպրոսը չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը:
Այն ճանաչել են մոտ 110 պետություններ, սակայն Սերբիան, Ռուսաստանը, Չինաստանը և մի շարք այլ երկրներ դա մերժել են:
Կոսովոն ցայսօր տարածաշրջանի միակ երկիրն էր, որը չէր ներկայացրել Եվրամիությանն անդամակցելու դիմում:
27 պետություններից կազմված Եվրամիությունում կան վերապահումներ Կոսովոյի անդամակցության վերաբերյալ, բայց Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո միությունում սկսել են շատ ակտիվ խոսել բալկանյան վեց երկրների՝ Ալբանիայի, Բոսիա-Հերվեգովինայի, Մոնտենեգրոյի, Հյուսիսային Մակեդոնիայի և Սերբիայի հետ առավել սերտ կապեր հաստատելու անհրաժեշտության մասին: