Կոսովոն այս շաբաթ դիմում է ներկայացնելու Եվրամիությանը անդամակցելու համար, այսօր հայտարարել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին:
«Ռոյթերսը» նշում է, որ Եվրամիությանը Կոսովոյի անդամակցության գործընթացը կարող է տարիներ, եթե ոչ տասնամյակներ տևել՝ կախված Սերբիայի հետ հարաբերությունների կարգավորումից։
Մեծ մասամբ ալբանացիներով բնակեցված Կոսովոն 2008 թվականին անջատվել է Սերբիայից և անկախություն հռչակել։ Աշխարհի ավելի քան 100 երկիր ճանաչել են Կոսովոն որպես անկախ պետություն, բայց Սերբիան և նրա սերտ դաշնակիցները մինչ հիմա չեն ընդունում Կոսովոյի անկախությունը։
Արևմտյան Բալկաններում Կոսովոն կդառնա առաջին երկիրը, որը Եվրամիությանը անդամակցելու դիմում է ներկայացնում։
«Եվրամիությունը խաղաղության, անվտանգության, հավասարության և բարգավաճման վայր է, և ահա թե ինչու Կոսովոյի Հանրապետության տեղը այդ միասնական տանն է, որպես խաղաղություն սիրող երկիր», - այսօր ասել է Կոսովոյի վարչապետը։